Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուսակցությունների` հանրահավաքին միանալը ողջունում են, բայց թույլ չեն տա, որ շարժումը դառնա կուսակցական

Հուլիս 26,2016 20:35

Հարցին, թե երեկ գիշերը  «Սասնա ծռերի» խմբի մի քանի անդամների եւ ոստիկանության միջեւ տեղի ունեցած  հրաձգությունը ինչպես կմեկնաբանի, պարոն «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ալեք Ենիգոմշյանն այսօր Խորենացի փողոցում, որտեղ այս պահին ընթանում է հանրահավաք, ասաց, որ ոստիկանությունն իր տեսակետը կարողացել է հայտնել, սակայն խմբի անդամները հնարավորություն չեն ունեցել իրենց բացատրությունները ներկայացնելու: Նրա խոսքերով. «Թող հնարավորություն ստեղծեն տղաները իրենց բացատրությունը տան հանրությանը եւ նա իր կարծիքը կկազմի այդ դեպքի առիթով»:

Այն հարցին, թե Վիտալի Բալասանյանին Աշոտ Մինասյանով փոխարինելու որոշումից հետո, բանակցություններ եղե՞լ են, պարոն Ենիգոմշյանն ասաց, որ «ոչ մի բանակցություն չի կայացել Աշոտ Մինասյանի հետ»:

Հարցին էլ, թե սննդի հարցը լուծվե՞լ է, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ ժամանակավորապես լուծվել ` շնորհիվ «այն քաջորդու, որն իր կյանքը վտանգի տակ դնելով սնունդ է հասցրել: Իսկ թե ով է նշյալ քաղաքացին, պարոն Ենիգոմշյանն ասաց, որ միայն անուն ազգանունն է լսել եւ այդ մարդու մասին ոչինչ չգիտի: Հարցին, թե որտեղի՞ց է մտել, Սարի թաղից, Ալեք Ենիգոմշյանը չպատասխանեց: Այն դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ ոստիկանության «մարդը» լինի, պարոն Ենիգոմշյանն ասաց, որ չի կարծում, այլ վստահ է, որ նա «անկեղծ հայ քաղաքացի է եղել»: Նրա խոսքերով. «Եթե որեւիցե ձեւի ռիսկ կամ վտանգ գոյություն ունի, վստահ եմ, որ այդ վտանգը տղաները կչեզոքացնեն»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ունե՞ն «Բ պլան», «Ց պլան» եւ ի՞նչ հանգուցալուծ ում են տեսնում, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ առաջին օրվանից էլ ասել են, որ Ժիրայր Սեֆիլյանն ամեն ինչ անելու է, որ արյունահեղությամբ չլուծվի հարցը. «Նախ նա պետք է հանդիպի տղաներին` հասկանալու նրանց պահանջները, ապա նստի երկրի իշխանությունների հետ բանակցությունների: Տղաների ներկայացրած պահանջը` Սերժ Սարգսյանի հեռացման ողջամիտ մոտեցում է: Իրականության խեղաթյուրում է, որ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս իրավիճակը ավելի խաղաղ ձեւով ավարտելու համար, նախ նա պետք է հանդիպի տղաներին»:

Ալեք Ենիգոմշյանը հիշեցնելով, որ այսօր արդեն 10-րդ օրն է, ասաց, որ  հենց առաջին օրվանից էլ իշխանությունների կողմից հարցին եղել է երկու մոտեցում. «Մեկը` բանակցությունների իմիտացիա եւ ոչ մի քայլ չձեռնարկել եւ  այդ իմիտացիայի ընթացքում խաբկանք եւ խաբեություն: Նրանք ասացին նախ` պատանդները ազատ կարձակվեն եւ հետո այդ մասին կխոսվի, բայց պատանդները ազատ արձակցվեցին եւ տպավորություն է, որ իշխանությունը այդ խոսքերը չի ասել: Կրկին ասացին՝ հանձնեք զենքերը: Նույն պայմանավորվածությունը կար սննդի եւ մամուլի կենտրոն լինելու հարցի շուրջ, սակայն մամուլի կենտրոնը մի քանի ժամով եղավ, իսկ սնունդ տալն արգելեցին: Կա մի կողմ, որը ոչ մի քայլ չի անում այս իրավիճակից դուրս գալու համար»:

Այն հարցին, թե կուսակցություններ են միանում այս հավաքին, ինչպես է մեկնաբանում, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իրենք կոչ են անում քաղաքացիներին միանալ. «Կուսակցությունները ազատ են սատարել «Սասնա ծռերի» անդամների պահանջներին: Մենք ո՛չ պատճառ, ո՛չ ցանկություն ունենք արգելելու, բայց սա կուսակցական շարժում չէ: Շատ ողջունելի է, որ կուսակցականները գալիս են մասնակցելու: Մենք ողջունում ենք բոլորի աջակցությունը, սակայն այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու տեղը չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031