Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական նախարարը կպայքարի թուրքական 50 ապրանքատեսակների ներմուծման դեմ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 26,2016 20:07

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Որպես նախարար առաջին անգամ լինելով Շիրակի մարզում՝ նա առավոտից մինչև երեկո շրջայց կատարեց մի քանի ձեռնարկություններում:

Նախ` եղավ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում, այնուհետ խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետարանում, այցելեց խնդիրների մեջ գտնվող Գյումրու «Անալիտիկ սարքերի գործարան», «Արմտեքս գրուպ» ընկերություն, ՓՄՁ ԶԱԳ  հիմնադրամի տեղի մասնաճյուղ, իսկ կեսօրին հանդիպեց գործարարների հետ:

Նախարարը մարզպետարանում ներկայացրեց Շիրակի մարզին ուղղված իրենց տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, որ առավելագույնս պետք է իրացնեն տեղական ռեսուրսները: «Տնտեսական ռեսուրսը, հատկապես փողը, մարդկային ուժը, գիտական ներուժը և ձեռնարկատիրական ունակությունը, որն այս տարածաշրջանին բնորոշ է, մենք պետք է շատ արդյունավետ ձևով համախմբենք իրար հետ: Գաղտնիք չէ, որ Հայաստան ներմուծվող բազմաթիվ ապրանքներ կարող են արտադրվել տեղում՝ առնվազն հումքի մակարդակով, որպեսզի մենք կարողանանք այս արտադրական ցիկլը իրականացնենք մեր երկրում: Դա վերաբերում է թե՛ սննդամթերքին, թե՛ նաև ոչ պարենային ապրանքների արտադրությանը:

Artsvik_Gyumri_2 Artsvik_Gyumri_1 Artsvik_Gyumri_3 Artsvik_Gyumri_5 Artsvik_Gyumri_6 Artsvik_Gyumri_7

Մենք այսօր եղանք Մարալիկի բամբակամանվածքային նախկին գործարանում, այստեղ դուք գիտեք, որ մեծ պրոբլեմ կա՝ կապված  մեծածավալ ֆինանսական պարտավորությունների առկայության, թե շուկաների որոշակի սահմանափակության հետ: Արդեն պայմանավորվեցինք, որ հաջորդ շաբաթ խորհրդակցություն ենք հրավիրելու մասնագիտական կազմով, որպեսզի այս ձեռնարկության վերակառուցման ու առողջացման ծրագիր ընդունենք ու գնանք առաջ»,- ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը Հայաստանի տնտեսության որպես երկրորդ կարևորագույն խնդիր մատնանշեց  տեխնոլոգիական վերազինումը: «Գյումրին այդ առումով պետք է լինի առաջամարտիկը, առաջ մղողը և տեխնոլոգիական կենտրոնի բազայի վրա նորարարական տեխնոլոգիաների զարգացումը պետք է նաև դառնա մեր տնտեսության հիմնական ուղղություններից մեկը: Մյուս կարևոր ուղղությունը տնտեսական քաղաքականության ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծումն է, որտեղ մենք կենտրոնանում ենք թե ապրանքների արտադրության ու ծառայությունների կազմակերպման, թե դրանց որակական կողմի վրա: Դրա համար շատ ենք կարևորում որակի ենթակառուցվածքների զարգացումը:

Այս համակարգը պետք է լինի հիմնականներից մեկը, մեր տեղական արտադրանքը կարող է մրցունակություն ունենալ միջազգային շուկայում, եթե որակի ենթակառուցվածքների համակարգը համապատասխանում է այս բոլոր չափանիշներին: Մենք մտադիր ենք այս ուղղությամբ մեծածավալ թե՛ ֆինանսական ռեսուրսներ ներդնել, և թե՛ ամբողջական համակարգի վերանայում իրականացնենք: Ու քանի որ ես մի քաղաքում եմ գտնվում, որն իր մարդկային ներուժով ունակ է ստեղծելու շատ նորարար մոտեցումներ, մեծ ուրախությամբ, մեծ վստահությամբ կարող եմ փաստել, որ էկոնոմիկայի նախարարությունը, և առհասարակ կառավարությունը պատրաստ են ցանկացած նախաձեռնություն առաջ մղել»: Ըստ նախարարի, եթե համատեղեն Շիրակի մարզի ու Գյումրու տեղական իշխանությունների ուժերը, կունենան զարգացած մարզ, զարգացած քաղաք, ու քաղաքացիները չեն մտածի այլ տեղերում իրեն եկամուտները վաստակելու մասին: «Մենք պատրաստ ենք ամբողջ ծավալով ներգրավվել այս աշխատանքի մեջ»,- խոստացավ նախարարը:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ առաջարկեց  Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնել, ասաց, որ  տնտեսական դաշտը պետք է դարձնել հրապուրիչ, որպեսզի ներդրողներ լինեն, իսկ դրա համար անհրաժեշտ են արտոնություններ: «Եթե անգամ ազատ տնտեսական գոտի չլինի, գոնե լինեն արտոնություններ: Իրոք Գյումրիում պոտենցիալը շատ մեծ է, լավ մասնագետներ կան քաղաքում, օրինակ՝ անալիտիկ սարքերի գործարանը կարելի է ոտքի հանել, ինքը դեռ պահպանված է հին տեխնոլոգիաներով, բայց համենայնդեպս նավաշինության հետ կապված մեծ պոտենցիալ կա:

Եկեք ուսումնասիրենք, ես օրինակ կարող եմ տաս հատ ծրագիր ներկայացնել, բայց ֆինանսավորում է պետք: Մենք պետք է կարողանանք նաև մասնագետներ գտնել, մասնագետներ էլ չենք կարող գտնել, այնպես պետք է անենք, որ արտագաղթած ժողովուրդը ներգաղթի, գա նորից մեր երկիր, որովհետև այնտեղ այդպես  մեծ գումարներ չեն վաստակում: Պարզ է այս ամեն ինչը, մանավանդ ԵՏՄ շուկայի հետ կապված:

Ու նաև ռուսական ապրանքների հոսքը, որը կատարվում է այսօր, չեմ ուզում ուղղակի  տալ ապրանքատեսակների անուններ, բայց միայն ալյուրով գիտեք ինչքան տարբերություն կա ռուսական և հայկական շուկայի: Լավ է, որ մոնոպոլիզացիայի հատվածը դուրս  է գալիս, շատ լավ է, որ հիմա ով ինչ ուզի՝ կարողանա ներկրել ԵՏՄ շուկայի ընդհանուր տարածքի մեջ: Մենք հիմա բացում ենք մի նոր հորիզոն, դա պարսկական շուկան է, կարող ենք բերել Ռուսաստանից, որոշ մշակումով տեղափոխել Իրան: Այստեղ էլ մեծ աշխատանք ունենք անելու, որովհետև իրանական շուկայում լիցենզիա չեն տալիս, պրոբլեմը լիցենզիան է ու ֆինանսական խնդիրը: Պետք է չարչարվեք պարոն Մինասյան, բայց պիտի այս հարցին լուծում տանք, 80 միլիոնանոց շուկա ունենալ, մեծ ճանապարհ ունենալ, պետք  է օգտագործել մեր բոլոր հնարավորությունները», -հորդորեց քաղաքապետը:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ Իրանի հետ հարաբերություններն ամենօրյա են, ակտիվացել են: «Իրանին մենք փոխանցել ենք այն ապրանքախմբերը, որոնք հնարավոր է այստեղ արտադրել և իրանական շուկայում կարող են իրացվել: Ցավոք դեռևս իրանական կողմն այս բանակցությունները տեղափոխում է Եվրասիական տնտեսական միության հետ ընդհանուր համագործակցության տիրույթ, առանձին դիտարկելու փոխարեն, բայց աշխատանքները չենք դադարեցնում: Ներկայումս հայկական ապրանքները, որոնք որ տրանզիտով անցնում են Իրաք և այլ տարածքներ, որոշակի խնդիրներ են ձևավորվել, դրանց հաղթահարման ուղղությամբ քայլեր ենք անում, հեշտ չէ, բայց եթե միասնական եղանք, մեր պատկերացումներում, մեր ծրագրերում, անպայման, հաջողության կհասնենք», -ասաց նախարարը:

Ըստ նրա, ամեն ինչ պետք է անեն, որ Շիրակի մարզը կարողանա լավագույն տնտեսական արդյունքներ ցույց տա: Արծվիկ Մինասյանի բնութագրմամբ, Շիրակի մարզը և հատկապես Գյումրին ինժեներական մտածողությամբ քաղաք է: Նա առանձնացրեց Գյումրու ՏՏ ոլորտը, որը բավական զարգացած է ու հեռանկարներ ունի:

Լրագրողների հետ զրույցում էլ Արծվիկ Մինասյանը նշեց, որ ուսումնասիրել են թուրքական ապրանքատեսակները, առանձնացրել են 50 ապրանքատեսակ, այդ թվում նաև տրիկոտաժի ոլորտում. դրանք հնարավոր է արտադրել Հայաստանում: «Այս առումով, եթե մենք կիրառենք ոչ սակագնային սահմանափակման կանոններ, ինչպիսին է որակի ու նրա բաղադրության նկատմամբ հսկողությունը, մենք կունենանք հնարավորություն, շանս կտանք տեղական արտադրողին կազմակերպելու այդպիսի արտադրանքը Հայաստանում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Ըստ նախարարի, այդ ապրանքներ ցուցակն արդեն հրապարակված է նախարարության կայքէջում, պարբերաբար քննարկումներ են իրականացնում, մնում է, որ շահագրգիռ կողմերը ակտիվորեն մասնակցեն քննարկմանը, որպեսզի նախարարությունն էլ իր հերթին հստակ առաջարկություն ներկայացնի կառավարությանն ու Ազգային ժողովին, թե ինչ մեթոդներ կիրառել ու որ ապրանքատեսակների մասով կիրառել այդ մոտեցումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031