Քիչ առաջ մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր ներս մտան Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի տարածք տանող արգելափակված հատվածը: Ոստիկանները երկու տասնյակից ավելի ավտոբուսներով եւ գազելներով էին:
Ոստիկանների այս 20-ից ավելի ավտոբուսներով ներս մտնելուց 10 րոպե հետո կրկին 20-ից ավելի ավտոբուսներով ու գազելներով ոստիկանների մեկ այլ մեծ խումբ եկավ ՊՊԾ գնդի գրավված տարածքին հարող հատվածը: Այսպիսով, մոտ 50 ավտոբուսներով լի ոստիկաններ են կենտրոնացել այդ հատվածում:
Խորենացի փողոցում հավաքված մարդիկ բացականչում էին՝ «Ամոթ, ամոթ»:
Հիշեցնենք, որ արդեն 10-րդ օրն է, ինչ «Սասնա Ծռեր» խումբը զինված հարձակմամբ գրավել է պարեկապահակային գնդի տարածքը, եւ ամեն օր երեկոյան մեծ քանակությամբ մարդիկ են հավաքվում գնդի հարակից հատվածում:
Կարդացեք նաև
Նշենք, որ ամեն օր երեկոյան ժամերին ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունն այս փողոցում, եւ ոստիկանների թիվն ավելացնում է: Սակայն, մինչ օրս դեռ այսքան շատ ոստիկաններ չէին եկել՝ մոտ 50 ավտոբուս:
Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել եւ հորդորել է հավաքի նախաձեռնողներին հավաքն այլ վայր տեղափոխել: Հակառակ դեպքում օրենքով սահմանված կարգով ոստիկանությունը կդադարեցնի հավաքը:
Ազգային անվտանգության ծառայությունը նույնպես շատ կոշտ հայտարարություն է տարածել, նշելով՝ այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն Aravot.am-ին ասել էր, որ իրենք մտադրություն չունեն հավաքը այլ վայր տեղափոխել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ