Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոսանքը, ջուրը կտրելը բանակցություն վարելու մեթոդներ են». բանակցային գործի մասնագետ

Հուլիս 26,2016 19:12

Ինչպե՞ս տանել բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի տղաների և ՀՀ իշխանությունների միջև, որպեսզի իրավիճակի դրական հանգուցալուծման հասնել:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը բանակցային գործի մասնագետ Աշոտ Խուրշուդյանը փաստեց, որ մթնոլորտը հուզական է, ինչը վնասում է բանակցային գործընթացին: Անդրադառնալով Վիտալի Բալասանյանի` բանակցություններում որպես միջնորդ հանդես գալու հանգամանքին`պարոն Խուրշուդյանը նկատեց. «Գերիների փոխանակման հարցերով նա շատ է բանակցել, նա այդ գործի լավ մասնագետ է: Բայց արդյոք այս իրավիճակում նա կարող էր միայնակ կիրառել իր հմտությունները: Նրան թիմ էր պետք, որը չուներ, և արդյունքում բանակցություններում ընդգրկված բոլոր մարդկանց ջանքերի շնորհիվ Վիտալի Բալասանյանը տապալվեց այդ միջնորդությունը: Հասանք մի իրավիճակի, երբ դուրս եկավ միջնորդը, դուրս եկան և պայմանավորվածությունները: Նոր միջնորդը նորից պետք է բացի հաղորդակցության խողովակը»:

Ըստ մասնագետի`95 տոկոս հուզականության մթնոլորտում որպես միջնորդ պետք է ուղարկել մի մարդու, որը կարողանում է հուզական խոսքով բան հասկացնել:

Հոսանքը, ջուրը կտրելը, ըստ մասնագետի, ևս բանակցություն վարելու մեթոդներ են. «Ասում են, եթե դուք ուլտիմատում եք դնում` զենքերը վայր չենք դնում ասելով, մենք էլ ենք ուլտիմատում դնում»:

Դառնալով այս ու այն կողմից հնչող այն հայտարարություններին, թե իշխանությունները վախենում են, դրա համար ուժ չեն կիրառում` պարոն Խուրշուդյանը դրանք մասնագիտական բառապաշարով որակեց որպես «աղմուկ», որոնք վնասում են բանակցային գործընթացին:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը հիշեցրեց, որ բանակցողին առաջին հերթին սովորեցնում են լսել ու հասկանալ մյուս կողմին: Այնուհետև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա` արդյոք Վիտալի Բալասանյանը բանակցում էր իշխանության կողմի՞ց, թե՞ միջնորդ էր:

Պարոն Մարտիրոսյանի կարծիքով` բանակցային լուծմանը խանգարում են վստահության վատթարացմանը նպաստող քայլերը. իշխանությունների կողմից իրականացվող քայլերը ավելի են նպաստում ժողովրդի մոբիլիզացմանը:

Որպես իրավիճակից ելքի ճանապարհ` մասնագետը տեսնում է այն, որ մի կողմը փոխի խաղը. «Պետք է կողմերը չամրապնդեն իրենց կոշտ դիրքերը: Երբ հայտարարում են` մենք զենքը չենք հանձնելու, այս դեպքում շատ դժվար է գտնել այսպես ասած`ոսկե կամուրջը: Ի վերջո, եթե իրենք հանձնեն զենքը, այստեղ առաջ է գալու նաև դեմքը չկորցնելու խնդիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031