Լրահոս
Օրվա լրահոսը

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի հայտարարությունը

Հուլիս 26,2016 18:35

ՀՀ ոստիկանությունն իր 26.07.2016թ., հայտարարությամբ տեղեկացնում է, որ այսօր վաղ առավոտյան ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի ներկայացուցիչներ ավտոմեքենայով շարժվել են դեպի ոստիկանական շղթան: Թվացյալ վտանգը կանխելու նպատակով ոստիկանները կրակ են բացել, որի հետեւանքով ապստամբ խմբի երկու անդամներ ծանր վիրավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանության տարածած տեսանյութից ակնհայտ է, որ «Սասնա ծռերի» տղաները՝ ա) նպատակ չեն ունեցել գրոհել արգելապատնեշով պաշտպանված ոստիկաններին,

բ) այդ մեքենայով չէին կարող հաղթահարել արգելապատնեշը եւ մանավանդ,

գ) վտանգ չէին ներկայացնել ոստիկանների համար։

Անվիճելի է, որ ոստիկանությունը չցուցաբերելով տարրական զսպվածություն դիմել է որեւէ կերպ չարդարացվող եւ չպատճառաբանված ծայրահեղ քայլի՝ զենք է կիրառել։ Այդ գործողության հետեւանքով «վիրավորվել են» «Սասնա ծռեր»-ի խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը:

Մենք այս արարքը գնահատում ենք որպես լիազորությունների չարաշահմամբ ուղեկցվող հակամարդկային եւ ապօրինի գործողություն, որը կարող էր հանգեցնել նաեւ մարդկային զոհերի։ Այս քայլով ոստիկանությունն ու հատուկ ծառայությունները ավելի են սրել առկա ճգնաժամային իրավիճակը: Եւ մի բան, որ արտակարգ մեծ կարեւորություն ունի խաղաղ հանգուցալուծման գործում, փաստորեն, խնդիրն առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով լուծելու իշխող վարչախմբի հավաստիացումները կեղծ էին:

Այս ամենին զուգահեռ, տարածված տեսանյութի մասնագիտական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն ամբողջական չէ։ Դրանով ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ շարունակում է հավատարիմ մնալ իրադարձությունները խեղաթյուրելու եւ միակողմանի ներկայացնելու իր գործելաոճին:

Առկա բոլոր կասկածները ցրելու միակ ճանապարհը «Սասնա ծռեր» խմբին (այդ թվում` «վիրավորներին») իրողության սեփական տարբերակը ներկայացնելու հնարավորությամբ ապահովելն է։ Դրանից ելնելով պահի հրամայականն է  «Սասնա ծռեր»-ի արտաքին աշխարհի հետ  կապի վերականգնումը։ Վարչախմբի հակառակ կեցվածքը եւ սադրանքներով ուղեկցվող գործելաոճը սրում է իրավիճակը, արգելափակում է բանակցությունների ճանապարհով ճգնաժամի լուծումը եւ հղի է նոր արյունահեղություններով:

Այս իրավիճակում ակնհայտ է, որ միայն քաղաքացիների գործուն աջակցությամբ, Խորենացի փողոցում կամ մերձակա այլ վայրերում նրանց անմիջական ներկայությամբ է հնարավոր ակնկալել ճգնաժամն առանց նոր արյունահեղությունների լուծելու հանրային ցանկության իրականացումը։

ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031