Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության՝ հավաքը այլ տեղ տեղափոխելու կոչի մասին. «Ոստիկանությունը սադրում է ընդհարում առաջացնելու համար»

Հուլիս 26,2016 18:04

Խորենացի փողոցում հավաքման վայրն անփոփոխ է, հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները մտադրություն չունեն հավաքի վայրը փոխել, ինչպես որ կոչ է արել ոստիկանությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն՝ անդրադառնալով ոստիկանության հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը կոչ է արել հավաքը տեղափոխել այլ տեղ, հակառակ դեպքում ոստիկանությունը  չի ունենալու այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը:

Նույն հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալված անձանցից առգրավվել են շշալցված պայթուցիկներ («Մոլոտովի կոկտեյլ»), նռնակ, որոնք այդ քաղաքացիները մտադիր են եղել կիրառել Խորենացի փողոցում, ուստի այս հավաքը հանրության կյանքին վտանգ է սպառնում:

«Այն, ինչ ոստիկանությունն ասում է, այսպես ասած՝ իբր պայթուցիկ, «մոլոտովի կոկտեյլ», նման պատմությունները, եթե անգամ եղել են, բացարձակ կապ չունեն հավաքների հետ: Ամսի 20-ին ոստիկանության սադրիչների կողմից հրահրված բախումներից հետո բացարձակապես ոչ մի լարվածություն այդ առումով չի եղել, եւ ոչ մի պատճառ չկա, որ կազմակերպիչները եւ Հայաստանի քաղաքացիները փոխեն իրենց հավաքման վայրը: Բոլորի համար պարզ է, թե ինչու են մարդիկ այնտեղ հավաքվում: Ժողովրդի ազատ կամքն է՝ հավաքվել այնտեղ, որտեղ ցանկանում է»,- ասաց Ենիգոմշյանը:

Ոստիկանության այս հայտարարության նպատակն, ըստ Ենիգոմշյանի, ցանկությունը չէ փողոցն ազատել մարդկանցից, որպեսզի ՊՊԾ գնդի տարածքում գործողություններ կատարեն. «Դրա համար փողոցն ազատելու խնդիր չկա, քանի որ նրանք ներսում կենտրոնացրել են վիթխարի ուժեր: Այդ հայտարարությունը, ես մեկնաբանում եմ որպես բախում առաջացնելու մտադրություն»:

Պարոն Ենիգոմշյանի խոսքերով՝ եթե ոստիկանությունը մնա իր տեսակետին, նշանակում է հենց ոստիկանությունն է հրահրում լարվածություն եւ բախում ժողովրդի հետ:

Ոստիկանության հայտարարության մասին, որ հակառակ դեպքում հավաքը դադարեցնելու են օրենքով սահմանված կարգով, Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ, իհարկե, այն նախազգուշացում է. «Բայց ես գնահատում եմ որպես սադրանք՝ ոստիկանության կողմից ընդհարում առաջացնելու համար: Նախ մեծաքանակ ժողովուրդը ներկա է եղել, տեսել են, որ բազմահազար քաղաքացիներ ինչպես հանգիստ, կարգապահ, վճռական, սակայն խաղաղ կատարեցին իրենց երթն ու վերադարձան առանց ամենափոքր բախումի, հետեւաբար որեւէ պատճառ չկա, որ ոստիկանությունը գնա այդ քայլերին»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031