Տավուշի մարզում տեղի ունեցած կարկտահարությունների,երաշտի պատճառով գյուղացիական տնտեսությունների մի մասը բերք չի ստացել, որպեսզի կարողանա մարել կառավարությունից ստացած սերմացուի դիմաց պարտքը:
Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանից տեղեկացանք, որ 2012 թվականի աշնանը գյուղատնտեսության նախարարության կողմից մարզի համայնքներին տրամադրված 288 տոննա աշնանացան առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գյուղացիներից պետք է հավաքագրվեր 40 միլիոն 800 հազար դրամ, սակայն հավաքվել է 35 միլիոն 647 հազար դրամ, 2013թ. աշնանը հատկացված 457 տոննա ցորենի սերմացուի համար նախատեսված 56 միլիոնի դիմաց հավաքագրվել է 35 միլիոն դրամ, 2014թ. աշնանը տրամադրված 456 տոննա ցորենի սերմացուի համար 73 միլիոն դրամի դիմաց հավաքագրվել է 34 միլիոն դրամ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզի համայնքների ղեկավարներին հորդորել է ներկայացնել գյուղատնտեսների, վնասները հաշվարկած հանձնաժողովների եզրակացությունների արձանագրությունները, որոնք հավաստի տեղեկատվություն են պարունակում արտերի կրած վնասների պատճառների եւ դրանց չափերի մասին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ