Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղից հայրենիքի նոր պաշտպաններ մեկնեցին Հայոց բանակ

Հուլիս 26,2016 17:58

Ամառային զորակոչի ավարտը Քաշաթաղի շրջանում կայացավ հուլիսի 25-ին, որին համեմատաբար քիչ թվով նորակոչիկներ մասնակցեցին: Ինչպես միշտ՝ այս անգամ ևս բոլոր նորակոչիկները վերջնական բուժզննում անցան շրջանային բուժմիավորումում: Զինկոմիսարիատի զորակոչի բաժնի աշխատակիցները վերջնական տեսքի բերեցին նրանց փաստաթղթերը, զրուցեցին տղաների և ծնողների հետ, լրացրեցին հարցաթերթիկները:

Նույն ժամանակ նորակոչիկների հարազատները, ընկերներն ու համադասարանցիները, հարևանները զինկոմիսարիատի բակում սպասում էին, որ նշանակված ժամին տղաներին ճանապարհեն Հայոց բանակ:

Զինկոմ, մայոր Ստեփան Օհանջանյանը տեղեկացրեց, որ նախորդ զորակոչերը ևս անցել են ընդունված կարգով, և այժմ շրջանից հարյուրավոր տղաներ համալրել են Հայոց բանակի շարքերը:

Ընդունված կարգի համաձայն՝ զինկոմիսարիատի միջանցքում նորակոչիկները շարք կազմեցին, և զորակոչի բաժնի պետ, կապիտան Հովհաննես Բայաթյանը մեկ անգամ ևս հարցրեց, արդյոք տղաները որևէ խնդիր չունեն: Լսելով, որ նրանք պատրաստ են ծառայության՝ մեր բանակի արդեն զինվոր տղաներին ողջունեց զինկոմ Ստ. Օհանջանյանը և հորդորեց լինել կարգապահ զինվոր, ենթարկվել բանակի կարգ ու կանոններին, հրամաններին: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը տղաներին մաղթեց բարին և խորհուրդ տվեց՝ լինել զգոն, աչալուրջ:

DSCN1362 DSCN1348 DSCN1324 DSCN1307 DSCN1365

Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում մոմ վառելուց հետո նորակոչիկները մեկնեցին կենտրոնական հավաքակայան, որտեղ կորոշվի՝ ով որտեղ է ծառայելու:

Ընթացքում ծանոթացա նորակոչիկներին, զրուցեցի նրանց ու հարազատ-մտերիմների հետ: Կարևորը, որ թե՛ ծնողները, և թե՛ նորակոչիկները բարձր տրամադրությամբ են եկել զինկոմիսարիատ:

Վակունիսից 8 երեխաների հայր Անդրանիկ Միքայելյանը երկրորդ որդուն՝ Արամին է ճամփում բանակ: Ասաց՝ որոշ հանգամանքներից ելնելով՝ որոշվել էր հետաձգել որդու բանակ մեկնելը, սակայն Արամն ինքը որոշեց ժամանակին մեկնել և արդեն զինվոր է: Անդրանիկի ավագ որդի Ալիկն այժմ պայմանագրային զինծառայող է, և հայրը վստահ է՝ որդիները ամուր կպահեն հայրենիքի սահմանը:

Ծատրյան Էդիկը Փակահան գյուղից է, պատրաստ է դառնալ զինվոր, բարձր է տրամադրությունը: Քույրը՝ վեցերորդդասարանցի Միլենան համոզված է, որ Էդիկն ավագ եղբոր՝ Էրիկի նման լավ զինվոր կլինի և տուն կգա իր և հազարավոր իր նման աղջնակների անդորրը պաշտպանած: Ավագ եղբայրը վերջերս է վերադարձել բանակից, մասնակցել է ապրիլյան պատերազմական իրադարձություններին, աչքի ընկել համարձակությամբ, արժանացել խրախուսանքների:

Հարություն Սմբատյանը Բերձորից է, ուսանում է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Հարազատների ուղեկցությամբ է այստեղ: Քույրերը կարոտելու են նրան, բայց բանակ են ճամփում, որ խաղաղությունը տիրի մեր երկրում:

Ուռեկան գյուղից Հայկ Սիմոնյանը երկկողմանի ծնողազուրկ է, ունի որոշ արտոնություններ: Ասաց՝ պատրաստ է նաև մարտական հենակետերում ծառայել:

Արա Մասկաևը Բերձորի գիշերօթիկ հաստատության սան է, միակողմանի ծնողազուրկ: Այս տարի է ավարտել դպրոցը: Մոր, երեք փոքր քույրերի և համադասարանցիների հետ էր սպասում մեկնելուն: Նժդեհ Մուրադյանը Քարեգահ գյուղից է: Պատրաստ է ծառայել հայրենիքին, պաշտպանել երկրի սահմանները և հաստատել՝ իզուր չի կրելու Նժդեհ անունը:

Եկավ մեկնելու պահը. տղաները զինկոմիսարիատի աշխատակցի հրահանգով բարձրացան ավտոբուս և հրաժեշտ տվեցին բոլորին: Ավարտվեց հերթական զորակոչը, հայրենիքի նոր պաշտպաններ մեկնեցին Հայոց բանակ, և հավատում եմ՝ բոլորն էլ պատվով են կրելու Հայոց բանակի զինվորի կոչումը: Իսկ այն, թե Արցախի տարածքները զիջելու ենք Ադրբեջանին, այդպես էլ հայոց թշնամիների երազանքը կմնա:

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031