«Պարեկապահակային պահպանության ծառայության գործառույթների մեջ մտնում է նաեւ մարմնավաճառությամբ զբաղվելու կանխարգելումը, ուստի զարմանալի չէ, որ այդ գործառույթի իրականացման համար նաեւ որոշակի հաշվառում վարվի»,-ի պատասխան, Aravot.am-ի հարցի, թե ինչպե՞ս կմեկնաբանեք «Սասնա ծռերի» այն հայտարարությունը, թե ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերվել են գաղտնի ցուցակներ, որոնք, ըստ խմբի անդամների, վկայում են այն մասին, որ «այս տարածքում գտնված ՊՊԾ գնդի սպաները, փաստորեն, զբաղվել են կավատությամբ»,-պատասխանեցին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ նրանց հայտարարության. «Նշված ցուցակներում գրանցված են 146 ենթադրյալ գործակալներ եւ 35 մարմնավաճառությամբ զբաղվողներ»:
Որպես ասվածի ապացույց, ոստիկանության լրատվականից ասացին, որ իրենք իրենց հաղորդումներում ու ռեպորտաժներում հաճախ են անդրադառնում այդ թեմային. «Եթե նկատել եք մարմնավաճառներին բերման ենթարկելու տեսանյութերում մշտապես հիշատակվում է հենց ՊՊԾ-ն»:
Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդի հրամանատարի աշխատասենյակում առկա ժամացույցին, որը, համացանցում ստացել է «կամասուտրա ժամացույց» (լուսանկարում) անվանումը, եւ, որը, նույնպես, գտել էին «Սասնա ծռեր» խմբի անդամները, ապա, այս առնչությամբ ոստիկանությունից ասացին, որ հանգամանքներին տեղյակ չեն եւ, հնարավոր է դա լիներ` ասենք թե աշխատասենյակում, դարակում պահված աշխատակցի անձնական իրը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ