Դատարանը կալանքի որոշում է կայացրել «Միայնակ գայլի»՝ Արայիկ Խանդոյանի (լուսանկարում) եղբոր՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը: Այս մասին Aravot.am-ին պատմել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նշենք, որ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլը» ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից է:
«Գտնում եմ, որ կալանքի որոշումն անօրինական է: Արարատը ինձ փոխանցել է, որ լրագրողներին հայտնեմ, որ իրեն ձերբակալել են իր քաղաքական հայացքների եւ եղբոր համար, որեւէ անօրինական գործողություն ինքը չի կատարել: Դատարանն էլ, երբ որ կալանք է դրել, դատավոր Մարինե Մելքոնյանը չի հիմնավորել, թե ինչու պետք է կալանավորվի, այսինքն՝ հիմնավոր կասկածը բացակայում է»,- ասաց փաստաբանը:
Արա Ղարագյոզյանը ընդգծեց, որ Արարատ Խանդոյանը առողջական խնդիրներ ունի. «Ինչ-որ բեկորներ կան մարմնի մեջ, կոնտուզիա է ստացել պատերազմի ժամանակ, որը այս լարված իրավիճակից ավելի վատացել է»:
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալին նաեւ չեն թույլատրել օգտվել մեկ զանգի իրավունքից, ինչի համար էլ Արա Ղարագյոզյանը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին:
Կարդացեք նաև
Փաստաբանը մեզ հայտնեց, որ այսօր պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը. «Անօրինական է կալանավորումը, ես պետք է այս փուլով անցնեմ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ