Աշոտ Պետրոսյանի պաշտպաններ Հայարփի Սարգսյանին եւ Արայիկ Պապիկյանին այս պահին թույլ չեն տալիս տեսակցել իրենց պաշտպանյալի հետ եւ նրան տեղեկացնել, որ այլեւս իրենք են ներկայացնելու իր շահերը: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպաններից Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, Աշոտ Պետրոսյանը վիրավորվել է երեկ, ՊՊԾ գնդում փոխհրաձգության արդյունքում: Այս պահին նա գտնվում է «Էրեբունի» հիվանդանոցում:
Ըստ Հայարփի Սարգսյանի, հիվանդանոցի տնօրինությունը չի արգելել Աշոտ Պետրոսյանի հետ տեսակցությունները, այսինքն, առողջական վիճակի հետ կապված խնդիր չկա: «Հիվանդանոցի ներքին անվտանգությունից զինված մարդիկ կան, որ մեզ փոխանցեցին` չենք թողնում եւ վերջ: Որեւէ բացատրություն չեն տալիս»:
Այս պահին, Աշոտ Պետրոսյանի մոտ են գտնվում նրա հարազատները եւ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները: Փաստաբանն ասաց, որ նրանց խնդրել են, որպեսզի Աշոտ Պետրոսյանին տեղեկացնեն, որ այսուհետ իր շահերը ներկայացնելու են Հայարփի Սարգսյանը եւ Արայիկ Պապիկյանը: Պաշտպաններն այս պահին ոչինչ չեն պատրաստվում ձեռնարկել, քանի որ քննչական գործողություն չի իրականացվում:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, երբ Աշոտ Պետրոսյանի հետ քննչական գործողություններ կիրականացնեն եւ պաշտպաններին թույլ չեն տա ներկա լինել`նրանք կհայտարարեն իրենց քայլերի մասին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ