Թուրքիայում գործունեություն ծավալող և այդ երկրի Ազգային մեծ ժողովում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Իդրիս Բալուքենն անդրադարձել է 2016թ. հուլիսի լույս 16-ին Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո վերակառուցվող Թուրքիային, տեղեկացնում է Imctv.com կայքը։
Բալուքենն անդրադարձել է 2016թ. հուլիսի 25-ին Թուրքիայի նախագահական նստավայրում նախագահ Էրդողանի կազմակերպած հանդիպմանը, որին մասնակցել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։ Զինվորական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4 կուսակցություններից 3-ի առաջնորդներին Էրդողանը հրավիրել էր նախագահական նստավայր, իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը հրավեր չէր ուղարկվել։
Անդրադառնալով իրենց կուսակցությանը չհրավիրելու փաստին՝ Իդրիս Բալուքենն ասել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը հանդիպման չհրավիրելով՝ հստակ ուղերձ է հղվում քրդերին, ալևիներին, հայերին ու ասորիներին։ ԺԴԿ-ին չհրավիրելով՝ իշխանությունները հստակ հասկացնում են, որ հասարակության այդ շերտերը տեղ չեն ունենալու զինվորական հեղաշրջման փորձից հետո վերակառուցվող Թուրքիայում։