Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության մի շարք խնդիրների, որի ընթացքում խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ 2016թ. հուլիսի լույս 16-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջման փորձից առաջ ինքը պաշտոնական այցով մեկնել էր Բաքու, որպեսզի խաղաղություն հաստատի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չավուշօղլուն նշել է, որ այս պահին Հայաստանի հետ չկա որևէ շփում, բայց միջազգային գագաթնաժողովների ընթացքում ինքը ողջունում է Հայաստանի Հանրապետության իր գործընկերոջը և զրուցում նրա հետ։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին՝ Չավուշօղլուն նշել է. «Այդ թեմաներում մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք եղել»։
Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրքական «Հուրիեթի» հոդվածագիրներից մեկը, վկայակոչելով թուրքական դիվանագիտության իր աղբյուրները, նշել է, որ մինչև զինվորական հեղաշրջումը Թուրքիան փորձում էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։