Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ պետք է նախապատրաստի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալություն թուրքական ծառայությունը։
Փոխվարչապետ Շիմշեքը հանդիպում է ունեցել ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ։ Հանդիպման ընթացքում Շիմշեքն ասել է, որ Թուրքիայի նպատակն է ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակը հասցնել մինչև 2015թ. նոյեմբերի 24-ի մակարդակին։ Հիշեցնենք՝ այդ օրը թուրքական F-16-ը խոցեց ռուսական СУ-24 ինքնաթիռը, որի հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները ծայրաստիճան լարվեցին։
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը տեղեկացրել է նաև, որ 2016թ. օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։