Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի հարևանությամբ Սագամիհարե քաղաքի հաշմանդամների համար նախատեսված տանը սպանդ է իրականացվել, որը կատարել է 26-ամյա մի երիտասարդ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ սարսափելի հանցագործության հետևանքով սպանվել է 19 մարդ, որոնց սպանության մեջ մեղադրվում է հաշմանդամների համար նախատեսված տան նախկին աշխատակից Սատոսի Ուեմացուն, որը 2016թ. փետրվարից դուրս էր եկել աշխատանքից։
Հանցագործությունն իրականացվել է տեղի ժամանակով 03։30-ի սահմաններում, երբ հաստատությունում եղել է 8 հերթապահ։ Ժամանելով դեպքի վայր, հանցագործը իր հետ ներս է մտցրել մեկ պայուսակ, որը ամբողջովին լիքն է եղել դանակներով։ Հանցագործության հետևանքով զոհվել է 9 տղամարդ և 10 կին։
Հանցագործություն կատարած տղամարդը դեպքից շուրջ մեկ ժամ հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն։ Իրավապահներին նա ասել է, որ ինքը տհաճություն է զգում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հանդեպ և ցանկություն է ունեցել «ազատվել նրանցից»։