Լրահոս
Օրվա լրահոսը

Այն մարդկանց, ովքեր մասնակցում են բողոքի ակցիաներին՝ կարելի է հասկանալ. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 26,2016 11:51

Հատված հոգեբան, «Այգ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանի հետ հարցազրույցից:

– Երբ ՊՊԾ գնդի մոտակայքում զինված հարձակման հաջորդ օրը մարդիկ հավաքվեցին, զինված խմբի անդամները հայտարարեցին, թե ժողովուրդը համամիտ է իրենց գործողություններին։ Մինչդեռ հավաքվածները բնակչության չնչին տոկոսն են միայն կազմում։ Կարծում եք՝ միայն դա հիմք ընդունելով՝ կարելի՞ է ասել, թե ժողովուրդը սատարում է զինված ազատամարտիկներին։

– Այդ մարդկանց սատարում է ժողովրդի միայն փոքր մասը, որը հավաքվում է Խորենացու փողոցի մոտակայքում։ Այս շարժումը, եթե կարելի է այդպես բնորոշել, որեւէ հավատ չներշնչեց ամբողջ հասարակության շրջանում, որ նրանց միանալու դեպքում իրենց խնդիրները կլուծվեն։ Ես, իհարկե, չեմ գնացել այնտեղ, թեեւ պատրաստվում եմ գնալ՝ զուտ տրամադրություններ շոշափելու նպատակով։

Այդուհանդերձ, որքանով հեռվից հետեւում եմ նրանց խոսքին ու գործողություններին,        այդ խումբն իմ ներսում ոչ մի տրամադրություն չարթնացրեց, եւ վստահ եմ, որ շատերի մեջ չարթնացրեց։

Որքան էլ հասարակությունը ստեղծված իրավիճակից ելքեր է փնտրում, հասկացավ, գիտակցեց, որ զինված խումբն իրենց այդ ելքը ցույց չի տալու, եւ ի վերջո իրենց կյանքում ոչինչ էլ չի փոխվելու։ Հասարակությունը, ժողովուրդն այս դեպքում ավելի սառն ու հավասարակշիռ է դատում, ավելի խելամիտ է եւ զուր տեղը խաղաքարտին չի դնի իր վստահությունն ու հույսը։

Իսկ այն, ինչ հիմա կատարվում է ՊՊԾ գնդի տարածքում, շուտով իր վախճանն է ունենալու, այսպես չի կարող երկար շարունակվել, համոզված եմ։

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր մասնակցում են բողոքի ակցիաներին, ապա նրանց կարելի է հասկանալ։ Երկրում կան չլուծված հարցեր, որոնք հասարակական դժգոհություններ են առաջացնում՝ կոռուպցիան, սոցիալական լարվածությունը եւ բեւեռացումը, չավարտված պատերազմը, գործազրկության բարձր մակարդակը, արտագաղթի մեծ տեմպերը։ Հասարակական դժգոհությունն այն աստիճանի է հասել, որ ամեն վայրկյան կարելի էր նման պոռթկման սպասել։

Իհարկե, այդպիսի հասարակությանը հեշտ է գայթակղել իշխանափոխության մասին հայտարարություններով ու գործողություններով, եւ եթե ժողովրդի մեծ մասը ձեռնպահ մնաց ու չներքաշվեց ընթացիկ գործողությունների մեջ, ապա մյուսներն այնուամենայնիվ որոշեցին փորձել նաեւ այս տարբերակով իրենց խնդիրները լուծել։

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031