Լրահոս
Օրվա լրահոսը

Երեք վատ սցենար

Հուլիս 26,2016 10:06

Ինչպես արդեն բազմիցս ասվել է, այս իրավիճակը կարող է հանգուցալուծվել երեք ձեւով` ա/ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս (քիչ հավանական տարբերակ), բ/ զինյալները հանձնվում են, գ/ իրավապահներն ուժային գործողություններ են ձեռնարկում զինյալների նկատմամբ (ամենաանցանկալի տարբերակը): Բայց անկախ նրանից, թե այս երեք հնարավոր տարբերակներից որ մեկն է իրականություն դառնալու, պիտի շատ ցավալի կանխատեսում անեմ. ՊՊԾ գնդի գրավման նման ակցիաները շարունակվելու են, եւ ամեն մի հաջորդը լինելու է ավելի վտանգավոր եւ ավելի ծանր հետեւանքներով:

Առաջին տարբերակի դեպքում զինյալներն են լինելու իրավիճակի տերուտիրականը` «մենք հանուն էս ազգի սենց բան ենք արել` մեր կյանքը դնելով զոհասեղանին, հիմա մենք ենք որոշելու…»: «Իշխանափոխությունից հետո էլ մեր զենքերը վայր չենք դնելու,- շաբաթ օրն ասաց զինված խմբի անդամներից մեկը:- Վայր կդնենք այն ժամանակ, երբ իմանանք, որ իշխանություն ունենք, որը ծառայում է մեր ժողովրդին»: Այսինքն` «ժողովրդի վստահության կառավարության» («ռեւկոմի») ցուցակն, ի վերջո, «զենքը վայր չդնելով», «Սասնա ծռերն» են կազմելու` իհարկե, ասելով, որ դա արել է «ժողովուրդը», բայց պարզ չէ, թե ինչ մեխանիզմով: Սակայն «Սասնա ծռեր» զինված խմբավորման հավանած եւ նրա զենքի նշանառության տակ աշխատող «ժամանակավոր կառավարությունը» կարող է դուր չգալ, ասենք, «Մհերի դուռ» զինված խմբավորմանը, որը «ժողովրդի վստահության» մասին, հնարավոր է, միանգամայն այլ տեսակետ ունենա` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս պարագայում հաջորդ «ՊՊԾ-ական» գործողությունը եւ, հավանական է, քաղաքացիական պատերազմը վրա կհասնեն շատ արագ:

Բայց ամբողջ ցավն այն է, որ երկրորդ եւ երրորդ տարբերակների դեպքում էլ, ըստ էության, նույնն է լինելու, գուցե մի փոքր ուշ: Խնդիրն այն է, որ մեր իշխանությունը կորցրել է զգոնությունը, կորցրել է կյանքի զարկերակը եւ չի պատկերացնում դժգոհության եւ ատելության մասշտաբները: Նրանց թվում է, որ համընդհանուր լոյալության ֆոնի վրա կան դժգոհների եւ բողոքողների որոշակի շերտեր, որոնք հիմնականում ինչ-որ ընդդիմադիրների քարոզչության զոհն են` չհասկանալով, որ ավելի լավ, քան կա, չի կարող լինել:

Բայց իրավիճակն այլ է, եւ այն փաստը, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը «իմունիտետ» չունի զինված քաղաքական պայքարի հանդեպ եւ սկզբունքորեն դեմ չէ «գյուլլելուն», «վառելուն» եւ «սատկացնելուն», պետք է որ ինչ-որ բան հուշի իշխանություններին: Բայց, կրկնեմ, դրա համար իշխանությունը պետք է դեմքով շուռ գա դեպի դաժան, նախեւառաջ` իր համար դաժան իրականությունը: Քանի դեռ դա չի անում, էլի ի հայտ կգան խմբեր, որոնք գայթակղություն կունենան հարցերը լուծել զենքի միջոցով:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ինչ որ մի ֆատալիստական բան կա էս հոդվածում. այսինքն՝ իբր էս պահից սկսած բոլոր սցենարն էլ վատ են, վա՜յ մեզ, վա՜յ մեզ…
    Համոզված եմ, որ եթե առաջին ու ամենահիմնական տարբերակի վրա մի քիչ աշխատենք, ամեն ինչ իր տեղը կընկնի:
    Առավել քան համոզված եմ, որ հնարավոր չէ, որ որևէ մարդ, այդ թվում և նախագահի աթոռը զավթածը, ցանկանա վերջապես իր երկրի և իր ազգի համար ինչ որ մի լավ բան անել, սակայն չկարողանա, քանի որ ասենք՝ այդ ազգն ունի բազմաթիվ թերություններ ու բարդույթներ, որոնք էլ հնարավորություն չեն տալիս աթոռը զավթածին երջանիկ ներկա և հատկապես պայծառ ապագա ապաոհովել այդ անարժանների համար:
    Իսկ հիմա պատկերացնենք, որ այն անձը, որը 2008 թ. առայսօր իր բոլոր ջանքերն ու կյանքի հմտություններն օգտագործում է միայն իր՝ անօրինական կերպով ձեռք գցած իշխանությունը ամուր ու անսասան պահելու համար, այդ գործառույթը համեմելով անհեթեթ ու իրականությոան հետ կապ չունեցող հայտարարություններով, հեզհետե տեսնում է, որ իր ցմահ նախագահ լինելու համար մշակված կոդը սկսել է լուրջ խափանումներ տալ, և մի գեղեցիկ օր էլ, տեսնելով սոցիալական ցանցերում շրջանառվող հերթական երգիծական նյութը, ասենք՝ սա.
    https://scontent-fra3-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/13697100_1048406445227534_1118505233757485902_n.jpg?oh=35c3c9f9ab4d01f91fafef25822c1697&oe=582E5679
    վերջնականապես ըմբռնում է, որ ոչ միայն կոդն ի սկզբանե է սխալ եղել, այլև նման կոդի բուն գաղափարը…
    Ըստ իս՝ ինչպես յուրաքանչյուր ոք, այնպես էլ սույն անձն ունի ուշքի գալու իրավունք, ինչից հատո նա կարող է վերջապես մեկ անգամ ուղերձով դիմել այն ժողովրդին, որին նա այդպես հետևողականորեն և պլանաչափ կերպով կեղեքել և նվաստացրել է երկարուձիգ ութ տարիների ընթացքում:
    Մեր ժողովուրդն, իր մի շարք թերություններով հանդերձ կարողանում է կեղծիքն ու անկեղծը, կամ ինչպես ընդունված է ասել՝ թացն ու չորը իրարից տարբերել, հետևաբար նա մեծահոգաբար ընդունում է Ձախողիչի ինքնախոստովանությունը, հավանություն է տալիս նրա հրաժարականի և հանգուցալուծման նրա առաջարկած ճանապարհային քարտեզին և մեծ ոգևորությամբ լծվում պետականաշինության և նորոգումների սուրբ գործին:
    Իսկ հոդվածից ես այն տպավորությունն եմ ստանում, ասես այդ անձը նույնիսկ դրան է անընդունակ:
    Շատ վատ կարծիք ունեք Ձեր պաշտպանյալի մասին, պրն Աբրահամյան:

  2. Վասիլի Գևորգյան says:

    Մի բան պիտի հարցնեմ. իսկ ինչի՞ հիման վրա որոշեցիք, որ մեր քաղաքացիների մեծամասնությունն իմունիտետ չունի … Եթե անգամ ֆեյսբուքյան տիրույթում այդպիսի տպավորություն է ստեղծվում, դա դեռ մեր քաղաքացիների մեծ մասը չէ: Ես վստահ եմ, որ ողջախոհ մարդիկ մեզանում շատ ավելին են, գուցե ոչ այդքան տեսանել, որքան <>:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031