Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զենքերը վայր դնելու կոչ կարող է անել միայն առաջին նախագահը». Զոյա Թադեւոսյան

Հուլիս 26,2016 00:25

«Ես չեմ դատապարտում այդ մարդկանց: Այդ մարդիկ մեզանից հայրենասեր են: Ես չեմ կարող դատապարտել Պավլիկի արածը, նա գիտի ինչ է կորցրել, Պավլիկը գիտի ինչպես է ձեռք բերել այս անկախությունը: Ես ինձ իրավունք չեմ վերապահի քննադատել, դատապարտել նրանց»,- մեզ հետ զրույցում «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններն այսպես գնահատեց ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը:

Նա ասել էր, որ Հայաստանում այլ ելք չի մնացել, քան զենքի միջոցով փոփոխություններ կատարելը:

Մեր հարցին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ էր անում զենքերը վայր դնել, այս առումով ձեր տեսակետը կարծես տարբերվում է  առաջին նախագահի կարծիքից՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խոսքի առաջին մասում ասաց, որ ես փակագծերը չեմ բացի, թե ինչու է այս իրավիճակը ստեղծվել: Հիմա ես ուղղակի բացել եմ այդ փակագծերը: Թե տղաները վայր կդնեն զենքը, չեն դնի՝ դա իրենց որոշելիքն է: Այդպիսի կոչ կարող է անել  միայն առաջին նախագահը, որովհետեւ նա գիտի, թե ինչ է անկախությունը, նա անկախության գինը գիտի: Ոչ թե այն մտավորականները, որ միայն ֆոնոգրամայով երգել գիտեն ու կարծում են, որ իրավունք ունեն քննադատելու: Իրենց գիտակցական կյանքը նվիրել են փող աշխատելուն, նրանք իրավունք չունեն քննադատելու: Ոչ ոք իրավունք չունի»:

Շատերը քննադատեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ այդ հայտարարության համար՝ ասելով, որ նա դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ, նրա ջրաղացին է ջուր լցնում, որ իր թագաժառանգին է պաշտպանում, լավ չընկալվեց եւ այլն՝ Զոյա Թադեւոսյանն արձագանքեց՝ «Դա մարդու ընկալունակության խնդիրն է: Եթե մարդն ունի ընկալունակության մեջ խնդիրներ, նրան մեղադրել չես կարող, բնությունն է նրան այդպիսին ստեղծել»:

Հարցին՝ ի՞նչ լուծում եք դուք տեսնում, երբ պատանդներին հանձնեցին, միջնորդների հետ կապված կա վստահության խնդիր՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես ինձ չեմ կարող իրավունք վերապահել լուծումներ առաջարկելու, միայն կարող եմ ասել, որ մի կաթիլ արյուն չպետք է թափվի: Հաշվի առնելով, որ խորը ճգնաժամ է ստեղծվել, պետք  է արժանապատվորեն հեռանալ»:

Երբ ասացինք՝ Սերժ Սարգսյանն իր հաշտարարության մեջ հստակ ասաց՝ չի լինի նման բան, մտքներիցդ հանեք՝ նա պատասխանեց. «Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել՝ ամենուրեք, աշխարհով մեկ ատում են Սերժ Սարգսյանին: Եթե ինքը գտնում է, որ այդ ատելության մեջ ինքը պետք է շարունակի պաշտոնավարել ու նույնիսկ նեղացնի այդ տղաներին, ինքը չարաչար սխալվում է: Թող լավ մտածի, եթե մի փոքրիկ ոչ օրինական քայլ արեց այդ տղաների հանդեպ՝ շատ կտուժի: Հետեւաբար, թող երկար մտածի, միակ քայլը իր հեռացումն է, ուրիշ քայլ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031