«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մասնակցում է բողոքի ցույցին: «Ազատություն» ռ/կ-ի թղթակի հարցին պատասխանելով՝ նա հայտնեց, որ կամաց-կամաց պայքարի ճնշումն ուժեղացնելու են: Պարոն Մարտիրոսյանը շեշտեց. «Իշխանություններին զգուշացրել էինք, որ համապատասխան քայլեր իրականացնեն՝ սնունդ, ջուր, տարրական պայմաններ եւ այլն, բայց այս երթը միայն դրան չի վերաբերվում, ցանկալի է, որ իշխանությունը այնպիսի քայլեր իրականացնի, որպեսզի ավելի մեծ լարում չառաջացնի: Իշխանությունը անցել է հոգեբանական ճնշման, իսկ դա կարծում եմ՝վերջին գործիքն է լինելու: Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե մեկ անգամ ազատամարտիկ զոհվի: Դա պայթյունի կարող է բերել»:
Անդրադառնալով ՊՊԾ գունդը գրավածների կողմից արդեն երրորդ մեքենան այրելուն, Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Եթե նույնիսկ այդպես են արել, ուրեմն իրենք դրա պատճառն ունեն: Մի իշխանություն, որ իրեն հռչակում է քրիստոնեական արժեքների դավանող, հակաքրիստոնեական քայլեր է անում»:
«Ժառանգության» փոխնախագահը, որ համակարգում է երթը, հայտնեց, որ պահանջները չեն փոխվել, դրանց թվում են՝ ՀՀ նախագահի հրաժարական, վստահության կառավարության ստեղծումը, հողերի չհանձնել եւ ամեն ինչ, ինչ արդեն հնչել է: «Սա քաղաքական անհնազանդության քայլերից մեկն է: Մեր զինանոցը շատ հարուստ է, մենք աճման պրոգրեսիայով գնում ենք առաջ»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Հավելենք, որ երթը բավականին բազմամարդ է, նրանց ուղեկցում են նաեւ ոստիկանները: Ճանապարհին հանդիպող ավտոմեքենաները ձայնային ազդանշաններով արձագանքում են ցուցարարներին: Վերջիններս կրում են Եռագույն դրոշներ եւ իրենց շարժման առաջնորդների լուսանկարները:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ