Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» եւ նրանց ընտանիքների վրա իշխանությունները փորձում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ գործադրել»

Հուլիս 25,2016 22:22

Խորենացի փողոցում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի անդամ» Ալեք Ենիգոմշյանը փոխանցեց «Սասնա ծռերի» անդամների ողջույնները` ասելով, որ արդեն 9-րդ օրն է նրանք զրկված են լույսից, ջրից, սննդից ու բուժօգնությունից: Սակայն, ըստ պարոն Ենիգոմշյանի, սա չի կոտրում նրանց պայքարելու կամքը. «Նրանք ընդամենն ուզում են, որ մեր հայրենակիցները ամենափոքր կասկած անգամ չունենան, որ իրենց հաղթանակած ոգին չնայած այս վարչախմբի բոլոր գործողություններին, չի կոտրվելու»:

Ըստ Ալեք Ենիգոմշյանի, «Սասնա ծռերի» եւ նրանց ընտանիքների անդամների վրա, այս օրերին իշխանությունները փորձում են հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ գործադրել, բայց չի հաջողվում. «Սննդի եւ այլ բազում ճնշումներ գործածելու փորձերը մինչեւ հիմա բումերանգի նման գալիս` հարվածում են իշխանություններին: Նրանք կոչ են անում մեկ միլիմետր անգամ հետ քայլ չանենք, ընդհակառակը, ամեն օր կիլոմետրերով առաջընթաց գրանցենք մեր վճռականության մեջ»:

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ Ժիրայր Սեֆիլյանը, որը այս պայքարում էական դերակատարում է ունեցել եւ շարունակում է ունենալ, թերեւս միակ անձն է, որ ինչ-որ լուծումների առումով էական դերակատարություն կարող է ունենալ, սակայն նա գտնվում է ամբողջական մեկուսացման մեջ:

«Այս տղաների պայքարը, զուգահեռաբար, Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակման պայքարն է»:

Նա նաեւ ասաց, որ դիմել են դիվանագիտական մարմիններին, Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին, մեր Մարդու իրավունքների գրասենյակին հարցը բանակցությունների միջոցով լուծելու:

Նա կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության պայքարը, ասելով. «Մենք ոստիկանության հետ բախումներ չենք փնտրում, բայց, եթե նրանք ման են գալիս բախում, մենք բախումներից չենք վախենում:

Մենք հասնելու ենք նրան, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող տղաները եւ Ժիրայր Սեֆիլյանը հայտնվեն ժողովրդի առաջ»:

Ալեք Ենիգոմշյանը նաեւ ասաց, որ  Զարուհի Փոստանջյանը, Լարիսա Ալավերդյանն ու նրանց գործընկերները  անընդհատ փորձում են միջամտել սննդի խնդիրը լուծելու համար, բայց հանդիպում են պատի` այսինքն` ոստիկանությունը մերժում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031