Լրահոս
Օրվա լրահոսը

«Սե՛րժ Սարգսյան, էդ նո՞ր հիշեցիք, որ զենքով իշխանության չեն գալիս». Զոյա Թադեւոսյան

Հուլիս 25,2016 21:50

ՀԱԿ կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանը այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ Դուք արդարացնո՞ւմ եք Սասնա ծռեր զինված խմբի  գործողությունները, այլ ելք չկա՞ր Հայաստանում փոփոխություններ կատարելու, որ նրանք դիմեցին նման ծայրահեղ քայլերի՝ պատասխանեց. «Այլ ելքեր փորձել ենք: 97 թվականից հետո, երբ առաջին նախագահը հրաժարական տվեց, դրանից հետո սկսվեց քաղաքական դաշտի այլասերումը: Երբեւէ մենք հիշո՞ւմ ենք, որ կարողանանք ժողովրդավարական ճանապարհով ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել: Պաշտոնավարման հենց սկզբից Ռոբերտ Քոչարյանը վայելում էր հայ ժողովրդի ատելությունը: Նրա առաջին իսկ մասնակցությունը նախագահական ընտրություններին ավարտվեց կեղծված ընտրությունների  միջոցով Քոչարյանին իշխանության բերելով:

Այն ժամանակ հաղթել էր Կարեն Դեմիրճյանը, հետո հաղթեց Ստեփան Դեմիրճյանը, հաղթեց Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ այդպես շարունակ: Հետո հաղթեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Հայ ժողովուրդը միշտ օրինական ճանապարհին է տուրք տվել, քան անօրինական ճանապարհներին: Այսպիսի իրավիճակ ՀՀ-ում երբեք չի եղել: Դա կնշանակի, որ մենք ուզում ենք արդար, օրինական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել: Ուզում եմ հայ հասարակությունը հարցնի Սերժ Սարգսյանին՝ նա կարո՞ղ է մեզ ցույց տալ մի օրինական ճանապարհ, որ մենք կարողանանք այդ ճանապարհի վրա կանգնելով՝ ազատվել իրենից: Եթե նա ցույց կտա այդ ճանապարհը, մենք սիրով դա կանենք: Մենք փորձել ենք բոլոր հնարավոր օրինական ուղիները: Հնարավոր չի սրանցից ազատվել»:

Մեր դիտարկմանը, որ իրավապաշտպաններն ասում են, որ հասարակությունն իրականում շատ գործիքներ ունի, մենք միշտ փորձում ենք դասական, փորձված ճանապարհներով գնալ,  դրա համար ասում ենք՝ այլ ելք չկա՝ Զոյա Թադեւոսյանը չհամաձայնեց. «Գիտեք, ես կարող եմ ասել ոչ թե շատ. այլ բազմաթիվ, անսահման ճանապարհներ կան, բայց դա չի նշանակում, որ ես ճիշտ եմ: Ուզում եմ այդպիսի խորհուրդ տվողներից որեւէ մեկը նման մի ճանապարհ մեզ առաջարկի»:

Հայ ժողովրդին պետք է այնպիսի միջավայր, որտեղ կարողանա աշխատի, մի կտոր հաց վաստակի ու իր ընտանիքի հետ վայելի աշխատածը, ոչ մեկը միլիարդներ դիզելու ցանկություն չունի, այն էլ՝ ժողովրդի կաշին քերթելով դիզելու: Այդպիսի մոլուցքով տառապում է ղարաբաղյան կլանը: Իսկ դա խորը արմատներ ունի, իրենք լավ գիտեն ինչ արմատներ են»:

Սերժ Սարգսյանն էլ իր ելույթում ասաց, որ զենքով ու այս ճանապարհով Հայաստանում իշխանափոխության չեն հասնելու: Այս առնչությամբ մեր հարցին Զոյա Թադեւոսյանը հակադարձեց. «Յա՜, բա ինքը ինչո՞ւ զենքով եկավ: Այդ դեպքում Սերժ Սարգսյան, դուք ինչո՞ւ զենքով եկաք, այն 10 տղաների անմեղ արյունը ինչո՞ւ թափեցիք, ինչո՞ւ վայր չդրեցիք ձեր նախագահի մանդատը, չէ՞ որ դուք արյուն էիք թափել: Դատապարտեիք ձեր նախորդին՝ Ռոբերտ Քոչարյանին, հրաժարվեիք նախագահի աթոռը զբաղեցնելուց: Այն ժամանակ դուք հարգանքի արժանի մարդ կլինեիք: Էդ նո՞ր հիշեցիք, որ զենքով իշխանության չեն գալիս: Տեսնենք ինքը հասկացե՞լ է, որ ինքը արյունով է եկել: Ինքը արյունով եկել է, ուզում է արյունով հեռանա, բայց արյուն չի՛ թափելու: Այդ տղաները հուսահատված, այլեւս ոչ մի օրինական միջոց չգտած, մարդիկ են եւ նրանք պահանջում են, որպեսզի Սերժ Սարգսյանը անարյուն, առանց ներքին քաոսի հեռանա՝ առանց վնաս տալու մեր պետականությանը: Թող բարոյական մարդու նման ուղղակի հրաժարական գրի ու հեռանա: Այս խնդիրը նա իրավունք չունի լուծելու, որովհետեւ եթե արյուն թափեց նորից, ոչ թե վերջի սկիզբը կլինի, այլ ինքը կջնջվի»:

Մեր դիտարկմանը՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ՊՊԾ գնդում լրագրողների հետ զրույցում նույնպես ասաց, որ զենքը զենք է բերում, եւ եթե ենթադրենք, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու զինված խմբի պահանջները կատարվեցին, միշտ էլ կգտնվեն մարդիկ, որ 40-50 հոգանոց խմբեր կկազմեն ու կփորձեն զենքի միջոցով իշխանության գալ, մեր պետականության հետ ենք խաղ անում՝ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Եթե այդպես դատենք, ՀՀ-ում հնարավոր չէ ընտրությունների միջոցով իշխանություն փոխել: Ժողովուրդը այդ կարծիքին է, ի՞նչ անի այդ ժողովուրդը, գերությա՞ն մատնվի Սերժ Սարգսյանին ու նրա նմաններին: Եթե արդար, օրինական ընտրություններ լինեն, ձեւավորված իշխանությունը հակակշիռների ինստիտուտներ կստեղծի, որոնք կապահովեն օրինական իշխանությունների օրինական գործողությունները, որը կհամապատասխանի քաղաքակիրթ աշխարհի չափանիշներին: Այդ ժամանակ ոչ մեկը չի ուզենա իր հայրենիքում ավելորդ խժդժություններ ստեղծել: Մենք այն ժողովուրդը չենք, որ դառնանք ղաչաղ ու օրական հարձակվենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031