Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյանը` իրեն ծեծելու մասին. «Ոնց որ փողոցային խուլիգաններ հայտնվեն, մեկին ծեծեն ու փախչեն»

Հուլիս 25,2016 20:05

Հուլիսի 20-ին ցուցարարների եւ ոստիկանների բախումից մարմնական լուրջ վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը:

Կուսակցության նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից, եւ ինչպես ինքն է նշում` գտնվում է հիմար վիճակում. «Պառկած եմ, սպասում եմ կապտուկները անցնի»:

Սկզբնական հոգեվիճակը, ըստ պարոն Շահվերդյանի` շոկային է եղել. «Այն. ինչ ինձ հետ կատարվեց, եթե ինձ պատմեին՝ չէի հավատա: Ես Խորենացի փողոց էի գնացել երեկոյան 8-9-ի կողմերը, ոչ թե ցույց անելու, այլ մարդ պետք է տեսնեի: Առաջին անգամ էի Խորենացի փողոց գնացել եւ հեռու էի ոստիկանական պատից: Երբ այդ քաշքշուկը սկսվեց, ոստիկանների կողմից գցված պայթուցիկներից մեկը ինձ մոտ պայթեց, որից վերնաշապիկս սկսեց այրվել, ծակծկվել: Այդ ժամանակ «Դրուժբա» խանութի տակով, ծառերի արանքով ուզում էի դուրս գալ Նար-Դոս փողոց` նպատակ ունենալով ընդհանրապես հեռու մնալ այդ ամենից»:

Այդտեղ, ըստ պարոն Շահվերդյանի, շատ պասիվ մարդիկ էին, հիմնականում` մեծահասակներ: «Մարդկանց խումբ էր անցնում, սպասում էի անցնեն՝ ես էլ գնամ ու լավ չեմ հիշում 7-10 հոգի` ոստիկանական հագուստով, մահակներով ներխուժեցին այդ տարածք: Տեսան մեն մենակ կանգնած, ձեռքիս անգամ թերթ չկար, առանց որեւէ խոսք ասելու՝ հարձակվեցին: Եվ առաջին հարվածը ոստիկանը մահակով ճակատիս խփեց եւ անմիջապես հոնքիս վերեւի հատվածից մեծ բացվածք ստացավ»,- պատմում էր պարոն  Շահվերդյանը` ավելացնելով, որ ոստիկաններից մեկն էլ բռնել է իր ձեռքերը,  ոլորել ու սկսել են ոտքերով եւ մահակներով հարվածել: «Այդ ամենը շատ կարճ տեւեց` մեկը ասաց, որ լրագրողներ են գալիս եւ ինչպես հանկարծակի հայտնվել էին, այդպես էլ` հեռացան, միայն հասցրել եմ այդ ջահել ոստիկաններին ասել` չե՞ք ամաչում ես ձեր հոր տարիքի մարդ եմ` անիմաստ բռնել ծեծում եք որ ի՞նչ: Ոնց որ փողոցային խուլիգաններ հայտնվեն, մեկին ծեծեն ու փախչեն»,-նշեց Մովսես Շահվերդյանը:

Նրա խոսքերով` ճակատի վրա բավական մեծ բացվածք ունի, քթի վերեւի ոսկորի հատվածում կոտրվածք եւ պատռվածք, երկու հատվածից կարել են, կողոսկրերի պատռվածք եւ ամբողջ մարմինը` սալջարդ:

«Ուշադիր հետեւելու եմ գործին, շատ անհրաժեշտ է գտնել այդ տղաներին, որ ասեն` ինչո՞ւ այդ բանը արեցին, նրանց հանձնարարվա՞ծ էր այդ անել, ոչ բերման ենթարկելու փորձ արեցին, ոչ էլ: Թող նրանց պատժեն օրենքով նախատեսված կարգով»,- ասաց պարոն Շահվերդյանը` ավելացնելով, որ իր քայլերը լինելու են քաղաքական. «Ես սա անհետեւանք չեմ թողնի: Իմ փոխարեն ո՞վ էլ որ լիներ՝ մեկ է, նրանք իրավունք չունեին նման բան անեին»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031