«Մենք հավաքվել ենք այստեղ, բայց մենք չկանք: Մենք օտարված, դուրս ենք շպրտված մեր երկրից: Մենք փախստական ենք մեր իսկ հայրենիքում: Պղծված, ոչնչացված է Հոգևոր Հայաստանը բոլոր աղետալի հետևանքներով: Աշխարհաքաղաքական դավերով վտանգված այս քաղաքակրթական խաչմերուկում չկա մեր երկիրը, որպես սուբյեկտ, որպես ինքնուրույն գործոն: Իրողությունն ամոթալի է, անհանդուրժելի, իսկ պայքարը թվում է անհնար, նաև` անիմաստ: Վկա` տղաների այսօրվա հուսահատ ընդվզումը»,- այս գաղափարը միավորել է Հայաստանի հինգ մտավորականների:
Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր Խաչիկ Չալիկյանն ասաց, որ «Հինգի խորհրդի» անունները դեռ չեն ցանկանում հրապարակել, որ գաղափարը չանձնավորվի եւ այդ մարդիկ էլ ներկայանալի լինելու հավակնություններ չունենան: «Հույս ունենք, որ միավորումը կլրացվի»,- ասաց մեր զրուցակիցը:
«Հինգի խորհրդի» նպատակը վաղվա Հայաստանը կերտելն է. Հայաստան, որը մտավորականներն են պատկերացնում. «Մենք պետք է գիտակցենք, որ քաղաքակրթական այս պատերազմի ռազմաճակատային գիծը անցնում է յուրաքանչյուրիս միջով: Գիտակցության և ընտրության խնդիր է: Ի՞նչ անել ապրելու համար մեր երկրում: Ելքը մեկն է` ապրել մեր երկրում»:
«Հինգի խորհուրդը» Մտավորականների ֆորումին առաջարկում է` ողջ հայ մտավոր ներուժը համատեղելով հիմնավորապես նախապատրաստել և առնվազն աշնանը հրավիրել Նոր Հայքը հռչակող համահայկական համաժողով, ուր կձևավորվեն մեր իրական, համայն հայության նվիրական երկրի կառավարման օղակներն ու նորացված ոլորտների գործունեությունը համակարգող մարմինները: Հայ մշակույթի ու արվեստի գործիչներին առաջարկում է միավորվել նոր երկրի մշակույթն ու արվեստը այսօր իսկ կայացնելու կարևորագույն գաղափարի շուրջ, ձևավորել արվեստի տարբեր ոլորտները ներկայացնող ստեղծագործական խմբեր և կենտրոնացված, ծրագրային գործունեությամբ այսօր իսկ արարել այն երկրի գեղարվեստական մշակութային դաշտը ուր ակնկալում ենք ապրել վաղը: Ենթադրվում է աշնանը հրավիրվող համահայկական համաժողովի օրերին իրականացնել նաև Նոր Հայքի արվեստի փառատոնը:
Կարդացեք նաև
«Հինգի խորհուրդը» կոչ է անում Նոր Հայքի հավատամքը կրող յուրաքանչյուրին` հավաքագրվել «Հինգի խորհրդին» դարձնելով այն` տասը միլիոնի խորհուրդ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ