«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` ոստիկանների բռնությունները քաղաքացիների նկատմամբ ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտում է:
«Հայելի» ակումբում անդրադառնալով այն արդարացումներին, թե ոստիկան է սպանվել, դրա համար են ոստիկանները ջղագրգիռ, տիկին Ալավերդյանն արձագանքեց. «Այդ ռաբիզ արտահայտությունները ինչու՞ են գցում շրջանառության մեջ, թե քանի որ ոստիկանի են սպանել, դրա համար ոստիկանները շատ ջղագրգիռ են եղել: Սա թայֆա չէ, ազգ ենք, պետություն, ուստի այդպիսի բառակապակցությունները շրջանառության մեջ դնելը նսեմացնում է երկիրը, պետությունն ու ոստիկանությունը: Ով ջղագրգիռ է, թող սառը ցնցուղ ընդունի»:
Տիկին Ալավերդյանը դատապարտեց այն, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին զրկել են սննդից ու լույսից: Նա վրդովվեց. «Դու խփում ես, թե զրկում ես հաց ու ջրից կամ լույսից, տարբերություն չկա: Դա պատիվ չի բերում որևէ պետության, անգամ ամենահետամնացին: Դա մեթոդ չէ»:
Հրապարակախոս Կարինե Հակոբյանի տպավորությամբ` Խորենացի փողոցում կատարվող իրադարձությունները ապրիլյան դեպքերի շարունակությունն է. «Արդյոք մենք տեսնում ենք, որ ապրիլից հետո մեր երկիրը զարգացում է ապրել, իշխանությունը սթափվել է, մեր բյուջեն եռապատկվել կամ քառապատկվել է, բանակն այսօր այն վիճակում է, որ հողի ետդարձի հարց չի կարող առաջանալ»: Տիկին Հակոբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե որն է Ժիրայր Սեֆիլյանի ըմբոստության պատճառը. «Նա ասում է` հողերի հարց, ինչը միայն տարածքի հարց չէ»:
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը համամիտ է, որ իրավիճակի սրացման միտումներ ու վտանգ կա. «Վտանգը, որ կարող է երկրի մայրաքաղաքում արյունահեղություն լինել, դեռ առկա է: Հստակ միտում երկու կողմերից, որ գործողությունները միտված են լինելու միայն անարյուն խնդիրների լուծմանը, դեռ չկա»:
Ըստ Վարդան Հարությունյանի` ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություններն ավելորդ սրացումներ են: Նա նաև անդրադարձավ քաղաքացիների նկատմամբ հարուցված գործերին, ու շեշտեց, որ որպես կանոն բռնության ենթարկված քաղաքացիների նկատմամբ են քրեական գործեր հարուցվում, որ եղած բռնությունները կոծկվեն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ