Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետեւանքով առավել քան վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ազգային փոքրամասնությունների համար: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը երկարաձգվել է երեք ամսով. արտակարգ դրության պայմաններում սահմանադրությունը չի գործում: Կարող են ձերբակալել բոլոր նրանց, ովքեր Էրդողանի նախագահական ձգտումներին հավանություն չեն տալիս` անկախ գյուլենական լինելուց: Կալանավորված գեներալների մեծ մասն ալավիներ են: Այսինքն, նրանցից էլ են ազատվում»:
Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող հայերին, Չաքրյանի խոսքով` նրանք իշխանությունների համար սպառնալիք չեն ներկայացնում. «Քանի դեռ չեն պայքարում Էրդողանի դեմ, բողոքի ցույցեր չեն կազմակերպում, նրանց ձեռք չեն տա: 78 միլիոնի մեջ 60.000 հայը նրանց համար կշիռ չի ներկայացնում»:
Aravot.am-ի հարցին` որքանո՞վ է հնարավոր Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ազդեցություն ՀՀ-ի վրա, Չաքրյանը պատասխանեց. «Անմիջական ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ հայ-թուրքական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Անուղղակի ազդեցություն կարող է լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա` ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջոցով` դրական կամ բացասական»:
Խնդրեցինք մեկնաբանել նաեւ տեսակետներն այն մասին, որ Թուրքիայի ազգայնականները եւ «ժամկետանց ահաբեկիչները» վտանգավոր են Հայաստանի եւ Արցախի համար: «Թուրքիան որքան շատ ներգրավի ծայրահեղական-իսլամական տարրերին, այնքան մեծ կլինի Արեւմուտքի հակազդեցությունն Էրդողանի հանդեպ: Ամբողջ միջազգային հանրությունն է պայքարում ԻՊ-ի եւ «Ան-Նուսրայի» ահաբեկիչների դեմ: Էրդողանին հավատարիմ զանգվածների թվում կան ԻՊ-ական մարդասպաններ, որոնք զինված են եղել եւ կտրել զինվորների գլուխները: Այդպիսի Էրդողանն ընդունելի չի լինի աշխարհի համար»,-եզրափակեց Չաքրյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ