Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշոտ Մինասյանը չի իրականացնելու միջնորդական առաքելություն». Գառնիկ Իսագուլյան

Հուլիս 25,2016 16:56

«Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե երեկ մինչև գիշերը 02.00 եղել է Աշոտ Մինասյանի հետ, սակայն որևէ մեկը նրան չէր զանգել ու նրա միջնորդությունը չէր խնդրել:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսագուլյանը մանրամասնեց. «Չգիտեմ` ով է որոշում կայացրել, որ բանակցող կողմը հիմա Աշոտ Մինասյանն է, ես երեկ ամբողջ օրը նրա հետ եմ եղել, որևէ մեկն Աշոտ Մինասյանին չի զանգել ու նրանից միջնորդություն չի խնդրել: Վիտալի Բալասանյանը ոչինչ սուտ չի ասել, չգիտեմ` այս սցենարն ով է գծում իրենց մոտ, բայց որևէ մեկը չի փոխարինելու Վիտալի Բալասանյանին: Նա իր նախաձեռնությամբ երկու կողմի համաձայնությամբ սկսել է միջնորդական առաքելությունը: Նա որևէ պայման չի խախտել և որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա: Կողմերից մեկն իրավունք չունի թելադրել իր կամքը առանց մյուսի համաձայնության»:

Գառնիկ Իսագուլյանը վստահեցրեց, որ այսօրվա դրությամբ իշխանություններն անում են ամեն ինչ, որ խնդիրն անարյուն և առանց նոր զոհերի լուծվի:

Դառնալով բանակցային գործընթացին` Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ Վիտալի Բալասանյանն ինքն է անձամբ ցանկացել միջնորդ դառնալ տղաների, ուժային կառույցների և ՀՀ իշխանությունների միջև. «Սկզբում քննարկվել է միջնորդության այլ ձևաչափ. առաջարկվել է, որ կարող են մի քանի հոգի լինել, բայց տղաները ցանկություն են հայտնել, որ ներս մտնի միայն Վիտալի Բալասանյանը: Երկար զրույցներից հետո Վիտալի Բալասանյանը կարողացավ համոզել, որ իր հետ գոնե մեկը լինի. որոշվեց` հրամանատար Աշոտ Մինասյանը»:

Դառնալով ՊՊԾ գնդի ներսում կայացած ասուլիսի օրը գրանցված միջադեպին, երբ Վիտալի Բալասանյանը դուրս հրավիրեց լրագրողներին, Գառնիկ Իսագուլյանը պարզաբանեց. «Երբ հնչեցին կրակոցներ, Վիտալի Բալասանյանին այլ բան չէր մնում, որ լրագրողներին դուրս հրավիրեր: Նախատեսված չէր նաև Վիտալի Բալասանյանի ասուլիսը, բայց դեպքերն այդպես զարգացան»:

Դառնալով Ալեք Ենիգոմշյանի այն հայտարարություններին, թե Վիտալի Բալասանյանը ստում է, Ժիրայր Սեֆիլյանի խոսքերը համատեքստից հանել է, Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց. «Ի տարբերություն շատերի` Վիտալի Բալասանյանը զինվորական մարդ է և երբեք խոսքը հենց այնպես չի հասկանում: Հասկանում է այն, ինչ ուղիղ ինչ ասվել է, դա էլ ընկալում է: Եթե Ալեք Ենիգոմշյանն ասում է, որ Վիտալի Բալասանյանը Ժիրայր Սեֆիլյանի խոսքը համատեքստից հանել է, նշանակում է, որ այդ մասին խոսք գնացել է: Հիմա դա ո՞նց է ընկալել Ալեք Ենիգոմշյանը, դա իր խնդիրն է: Ժիրայր Սեֆիլյանի հանդիպմանը բացի Վիտալի Բալասանյանից և Ալեք Ենիգոմշյանից եղել է նաև անձ, որն արձանագրել է խոսակցությունը: Դա տեսել է նաև Ժիրայր Սեֆիլյանը: Պետք էր, որ այն բոլոր առաջարկները, որ արվում էին, մեկ առ մեկ ներկայացվեր ՀՀ նախագահին, ինչը արել է Վիտալի Բալասանյանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031