Armtimes.com լրատվական կայքի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանին կիրակի՝ հուլիսի 24-ին, բերման են ենթարկել: Aravot.am-ը խնդրեց նրան ներկայացնել դեպքի մանրամասները:
«Երեկ ԱԱԾ-ից զանգեցին, ասացին, որ հորս էլ են բռնել, փաստաբան էին ուզում: Զանգեցի փաստաբանին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դիմաց կանգնած սպասում էի փաստաբանին, այդ պահին 4 հոգի մոտեցան, նստեցրին մեքենան, տարան քննչական կոմիտե հուլիսի 22-ի զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Բերման ենթարկելու արձանագրություն կատարեցին, խուզարկություն եւ վերջ՝ գործին որպես վկա ներգրավեցին եւ բաց թողեցին»,- ասաց նա:
Տիգրան Մազմանյանը ընդգծեց, որ հուլիսի 22-ին լուսաբանել է Խորենացի փողոցում տեղի ունեցած ցույցը եւ չի մասնակցել նրան՝ որպես քաղաքացի: Նա մեզ նաեւ հայտնեց, որ իր հայրը՝ ազատամարտիկ Մհեր Մազմանյանը կասկածվում է շենքեր եւ շինություններ զավթելու հոդվածով եւ վաղն առավոտյան նրան մեղադրանք է առաջադրվելու եւ կալանավորման միջնորդություն է ներկայացվելու:
Aravot.am-ը կատարվածի վերաբերյալ զրուցեց նաեւ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ: Վերջինս ասաց. «Ոստիկանությունը շարունակում է իր ոճով գործել եւ որեւէ հավաք ցրելիս խտրականություն չի դնում ցուցարարի եւ լրագրողի միջեւ, ինչը ինքը պարտավոր է անել: Լրագրողները շարունակում են տուժել ոստիկանական գործողությունների հետեւանքով, եւ դա շատ մտահոգիչ է: Այս ամենը ցույց է տալիս, որ ոստիկանությունը, այնուամենայնիվ, չի փոխել իր գործելաոճը»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ Տիգրան Մազմանյանի ֆեյսբուքյան էջից: