Հայաստան – Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ազգային ծրագրում ներդրված մեկ ամերիկյան դոլարը կարող է առաջացնել 7.1 ամերիկյան դոլարի օգուտ յուրաքանչյուր շահառուի կյանքի ընթացքում՝ համաձայն Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՄաստերՔարդի կողմից իրականացված ծախսերի և օգուտների նոր վերլուծության:
Հատկանշական է, որ նշված օգուտների 82 տոկոսն առաջանում է ավելացված արտադրողականության արդյունքում: Գիտական փորձը ցույց է տալիս, որ դպրոցներում սննդարար կերակուրների ստացումը երեխաներին թույլ է տալիս քննությունների ժամանակ ավելի բարձր գնահատականներ ստանալ և բարելավում է կենտրոնանալու ունակությունը, ինչը հանգեցնում է ավելի հաջողակ և արդյունավետ մասնագիտական կյանքի: Ավելին, Հայաստանում կատարված ծուցույց է տվել, որ դպրոցում սնունդ ստացող երեխաները հակված են ավելի առողջ լինելուն և երկար կյանք ապրելուն՝ նվազեցնելով հանրային առողջապահական ծախսերը:
«Կայուն դպրոցական սնունդ ազգային ծրագրում ներդրված յուրաքանչյուր ամերիկյան դոլարից 7.1 դոլար ակնկալվող վերադարձը զգալիորեն ավելի բարձր է, քան համաշխարհային միջինը, որը կազմում է 5.5 ամերիկյան դոլար», – ասաց Լուկա Մոլինասը՝ ՀՀ-ում ՊՀԾ Ծրագրերի բաժնի ղեկավարը: «Ի լրումն մեր կողմից գնահատված օգուտների՝ դպրոցական սնունդ ծրագիրը բազմաթիվ այլ օգուտներ ևս ունի, օրինակ՝ այն նպաստում է ամուր համայնքային կապեր ստեղծելուն և խթանում է տեղական տնտեսությունը, եթե հիմնված է տեղական արտադրության վրա»:
Վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկներից մեկը Դպրոցական սնունդ ծրագրի հասցեականության փոփոխումն է, ինչը թույլ կտա ավելի շատ երեխաներ ընդգրկել ծրագրում՝ որպես սոցիալական պաշտպանության համակարգի մաս: Առաջարկվել է նաև երկրում բարելավել դպրոց հաճախելիության և ընդգրկվածության վերաբերյալ տվյալների հավաքագրումը, որպեսզի օպտիմալացվի Դպրոցական սնունդ ծրագրի ծախսային համակարգը: Բացի այդ, կայուն տեղական արտադրության գնումների վրա հիմնված Դպրոցական սնունդ ծրագիրը հնարավորություն կտա աջակցել տեղական ֆերմերներին և գործարարներին՝ այսպիսով ավելացնելով տեղական ՀՆԱ-ի վրա ծրագրի ազդեցությունը:
Դպրոցական սնունդ ծրագրի իրականացումը ՊՀԾ-ն Հայաստանում սկսել է 2010 թվականին՝ աստիճանաբար ընդգրկելով բոլոր մարզերը՝ բացի Երևանից: Ծրագրի իրականացման փոխանցումը Հայաստանի կառավարությանը սկսվել է 2014/15 ուսումնական տարվանից: Կայուն դպրոցական սնունդ ազգային ծրագիրն այսօր ընդգրկում է Վայոց Ձոր, Սյունիք, Արարատ մարզերը և դպրոցական կերակուր է տրամադրում տարրական դպրոցների 21,500 երեխաների:
Սույն վերլուծությունը կատարվել է ՊՀԾ-ի կողմից՝ ՄաստերՔարդի հետ համագործակցությամբ: ՊՀԾ-ն ու ՄաստերՔարդը համագործակցում են 2012 թվականից՝ տեխնոլոգիաների և վճարային համակարգերի ոլորտում ՄաստերՔարդի փորձառությունը կապելով ՊՀԾ-ի պարենային օգնության տրամադրման աշխատանքների հետ: Համագործակցության շրջանակներում հատուկ վերլուծական ծրագրեր իրականացնելու նպատակով ՄաստերՔարդի աշխատակիցները միանում են ՊՀԾ-ին՝ միավորելով ՄաստերՔարդի և ՊՀԾ-ի ողջ փորձառությունը: «Սա եզակի հնարավորություն է մարդկանց կյանքը բարելավելու և երկրի զարգացման մեջ արժեքավոր ներդրում ունենալու, – ասաց Նինա Վիլեմսը՝ ՄաստերՔարդի ղեկավարը Հայաստանում, Բելառուսում և Ղազախստանում: «Ես անհամբեր սպասում եմ Հայաստանում մեր հետագա համագործակցության ընդլայնմանը»:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր