«Ժիրայր Սեֆիլյանն ավելի շատ որպես միջնորդ է հանդիսանում: Քանի որ գունդը գրաված տղաները հայտարարում են, որ կկատարեն Սեֆիլյանի հրամանները, ապա կարծում եմ` իշխանությունն ինչ-որ փուլում Սեֆիլյանին պետք է բացահայտ ներգրավի որպես բանակցային կողմ»,-«Դիալոգ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով իշխանության եւ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի միջեւ ընթացող բանակցություններին` ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի երեկվա հայտարարության մեջ ուղղակի ասվեց, որ Սեֆիլյանին ավելի շատ հետաքրքրում են ազգային նշանակության խնդիրների, մասնավորապես` Արցախի հարցի շուրջ բանակցությունները. «Ըստ Բալասանյանի հայտարարության` իշխանությունները պատրաստակամ են ինչ-որ բան քննարկել խմբի հետ: Վերջինիս խնդիրն է` ցույց տալ, որ իրենք վճռական են տրամադրված: Դրանով է պայմանավորված երեկ ոստիկանական մեքենայի այրումը, հրավառությունները եւ այլն»:
Բանախոսի կարծիքով` օրեր շարունակ զինված հարձակման մասին լռելով` իշխանությունը մի քանի խնդիր ունի լուծելու. «Մարտի մեկի սինդրոմից մի կերպ ազատված իշխանությունը չի ուզում նոր թեմա բացել եւ խուսափում է ավելորդ արյունահեղությունից: Մյուս հարցը Արցախի խնդրի շուրջ իրավիճակն է: Իշխանությունը փորձում է այս իրավիճակում էլ տեղավորվել եւ օգուտներ քաղել արտաքին քաղաքական դաշտում. փորձում է Արցախի շուրջ փակուղային իրավիճակը ձգձգել եւ հասկացնել, որ երկրում գերանկայուն վիճակ է: Հասկացնում են միջնորդներին, որ այդպիսի պայմաններում հնարավոր չէ նման հարցեր լուծել: Կազանի փաստաթղթին, որին ժամանակին համաձայնել է Սերժ Սարգսյանը, Ադրբեջանը եթե չի ասում «համաձայն եմ», ապա ամենայն հավանականությամբ ակնարկում է, որ ինչ-որ տարբերակներով դեմ չի լինի դրան: Այս առումով ՀՀ դիվանագիտությունը լուրջ փակուղում է հայտնվել»:
Ըստ Հակոբյանի, քաղաքացիական պատերազմի վտանգ կա. «Լուրջ հակասություններ կլինեն երկու հայկական պետությունների միջեւ: Այս պատճառներով էլ իշխանությունն իր ավանդական` ուժային մեթոդին չի դիմում առայժմ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ