Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը» պետք է հրապարակեն անցանկալի գործիչների անունները». Լեւոն Բարսեղյան

Հուլիս 25,2016 15:08

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, «Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է հրապարակեն այն բոլոր գործիչների անունները, որոնք չպետք է մասնակցեն ժողովրդական համախմբմանը:

«Կուզենայի՝ միանգամից իմանալ ցանկը, որովհետեւ շատ թյուրիմացություններ կարող են լինել: «Սասնա Ծռերից» Վարուժան Ավետիսյանը դժգոհ է Նիկոլից, ասում է՝ փորձում էր դրությունն օգտագործել սեփական քաղաքական շահի համար։ Վարուժանն ասում է նաեւ, որ համաժողովրդական շարժում պիտի սկսվի եւ ժողովուրդը պիտի ոտքի ելնի։ Դա էլ է հասկանալի, բայց իմ կարծիքով, Նիկոլի արածը հենց մարդկանց ոտքի հանելու եւ համախմբելու գործողություն էր, այն նույն պահանջներով, որոնք առաջ են քաշել ապստամբները, ավելի քան հստակ մի քանի անգամ հայտարարվեց այդ։ Լավ, հիմա Նիկոլը գնաց, ճիշտ կլինի հրապարակեն ցուցակը, թե ովքեր չեն կարող համախմբմանը մասնակցել»,-Aravot.am-ին ասաց Լեւոն Բարսեղյանը:

Levon_Barsegyan_29.08Նրա համար պարզ չէ, թե ինչպես ժողովուրդը պիտի ոտքի կանգնի եւ համախմբվի, ովքեր են անելու դա. «Ապստամբներն իրենց համար հուսալի մի քանի գործիչների անուններ տվեցին, կարծում են, որ հասարակական մի քանի գործիչնե՞րն են, որ կարող են ինչ-որ բան անել, լավ, թող այդպես լինի, բայց չլինի, որ հերթով գան, ասեն՝ սատարում են, ու պարզվի, որ ապստամբները դեմ են, իրենց համար անընդունելի են այդ մարդիկ: Անհնար է՝ ժողովուրդն ինքն իրեն ոտքի կանգնի, համախմբվի եւ այդ պահանջները կատարի, միշտ ինչ-որ լիդերացում տեղի կունենա, այլապես այդ շարժումը կարող է գնալ խառը-խուռը ուղղություններով, հետո՝ տուն:

Հետո, ով է խանգարել այլ անձանց եւ ուժերի ոտքի հանել եւ համախմբել մարդկանց, բացի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներից, այլ խմբերի չեմ հիշում, որ խանգարեին, խոչընդոտեին կամ արգելեին համախմբումը»:

Լեւոն Բարսեղյանը ծայրահեղություն է համարում այն, որ ապստամբները մերժում են քաղաքական ուժերի մասնակցությունը. «Շեշտված հակակուսակցականություն կա, նույնիսկ խիստ քննադատվեց կուսակցականությունը, կարծում եմ՝ որոշակի ծայրահեղացում էլ դա է: Անհնար է պատկերացնել քաղաքական զարգացում առանց կուսակցական ուժերի, եթե շփոթում են 1988-ի շարժման հետ, երբ որ կուսակցական պայքար չէր, համաժողովրդական պայքար էր, կարծում եմ՝ այն ժամանակվա իրադրությունը այսօրվա իրադրությունից խստորեն տարբերվում էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031