Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Խստագույնս պահպանել օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը

Հուլիս 25,2016 14:59

2016 թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից զենքի գործադրմամբ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը իր ողջ զինամթերքով գրավելուց և Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Նախագահի պաշտոնից հրաժարվելու, Ժիրայր Սեֆիլյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակելու պահանջների հրապարակումից հետո իշխանությունները, հանձինս իրավապահ մարմինների, կիրառեցին լայնածավալ գործողություններ՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների, համակիրների և ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ:

Անցած ութ օրերի ընթացքում տեղի են ունեցել ինքնաբուխ հավաքներ, երթեր, որոնց մասնակիցների հիմնական պահանջը եղել է՝ խուսափել ուժային մեթոդների կիրառումից և ստեղծված ճգնաժամը հաղթահարել միայն բանակցությունների միջոցով՝ հնարավոր արյունահեղությունը կանխելու և ճգնաժամը էլ ավելի չխորացնելու համար: Ինքնաբուխ հավաքները և երթերն ուղեկցվել են ոստիկանական ուժերի կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ բռնություններով և ճնշումներով: Չնայած հավաքների մասնակիցների՝ իրավապահ մարմինների հետ բախումներից խուսափելուն ուղղված ջանքերին՝ այնուամենայնիվ որոշ դեպքերում հնարավոր չեղավ խուսափել բախումներից, որի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացան թե քաղաքացիներ, թե իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Հարուցվեց քրեական գործ՝ զանգվածային անկարգությունների հրահրման որակմամբ, որի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվեցին մի շարք քաղաքացիներ:

Միևնույն ժամանակ՝ իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների նկատմամբ, ըստ նրանց քաղաքական հայացքների, ապօրինությունների հիմքով ավելի ուշ հարուցված քրեական գործի շրջանակներում չենք տեսնում բռնություններ կիրառած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման ջանք և հետևողականություն, այդ թվում՝ ձերբակալության, կալանավորման փաստեր:

Ավելին՝ ակնհայտ, առանց իրավական նորմերի պահպանման և որևէ ողջամիտ հիմնավորման, շարունակվում են խուզարկությունները, հետապնդումներն ու ճնշումները՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: ՀՀ իշխանությունները երկար ժամանակ իրենց ոչ իրավական գործողությունների հետևանքով՝ ձևավորելով անպատժելիության մթնոլորտ, ներկա ճգնաժամային իրավիճակում չեն փոխում իրենց գործելակերպը և շարունակում են խախտել մարդու իրավունքները. անձի և բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, խոշտանգումներից և անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը, իրավական պաշտպանության իրավունքը, բժշկական օգնություն ստանալու իրավունքը, հավաքների ազատության և կարծիքների, տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքը, որոնք ամրագրված են ՀՀ օրենսդրությամբ և որոնց պահպանումը ՀՀ իշխանությունների պարտականությունն է: Ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման կարևոր երաշխիքներ կարող են հանդիսանալ միմիայն իրավական պետության սկզբունքներին, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվությանը և անպատժելիության գործելակերպի վերացմանն ուղղված գործողությունները: Վերստին կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հաղթահարել տարիների ընթացքում սովորական դարձած գործելակերպը և ստեղծված ճգնաժամի իրավիճակում ջանքեր գործադրել՝ ուղղված մարդու իրավունքները բովանդակային և անվերապահորեն պահպանելուն և մարդու իրավունքների խախտումներին հանգեցնող գործողությունները կանխելուն:

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031