«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Երեւանում, ըստ էության արդյունք է 90-ականների կեսից վարվող քաղաքականության»,- հուլիսի 25-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
Նա համարում է, որ այժմ Հայաստանի անկախության 25 տարիների ամենամեծ ճգնաժամն է: Արա Պապյանը նկատեց, որ ապստամբները ազատել են իրենց մոտ գտնվող ոստիկաններին, ինչը էապես մեղմել է իրավիճակը. «Ցավոք սրտի, մենք համարժեք պատասխանը չենք տեսնում: Ես կարծում եմ, որ իշխանությունը կարող էր դրան որպես պատասխան ազատել բոլոր այն անձանց, որոնց ընդդիմությունը համարում է քաղաքական բանտարկյալներ: Ինչքան էլ ասվի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, մենք գիտենք՝ Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, որոնք իհարկե՛, չեն ձերբակալվել քաղաքական քրեական հոդվածով, որովհետեւ նման հոդված չկա, բայց բուն դրդապատճառները քաղաքական են եղել: Այսինքն՝ համարժեք պատասխան պետք է տա իշխանությունը՝ ազատելու դիմաց՝ ազատություն»:
Արա Պապյանի համար անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը սրում իրավիճակը եւ չի կատարում սննդի մատակարարումը. «Եթե ենթադրենք, որ այս խումբը հանցագործ խումբ է, իսկ միայն դատարանը իրավունք ունի որոշելու արդյոք մարդը հանցագո՞րծ է, թե՞ ոչ, ապա միեւնույն է՝ կա մարդասիրական իրավունք, անգամ գերիները, ռազմագերիները, ձերբակալվածները, հանցագործները բժշկական օգնության եւ սննդի իրավունք ունեն: Չի՛ կարելի խոսել օրենքից, ասել, որ ուժի կիրառումը անընդունելի է, միեւնույն ժամանակ կիրառել ուժ, սա էլ ուժի կիրառում է»:
Կարդացեք նաև
Արա Պապյանը ներկայացրեց նաեւ, թե Խորենացի փողոցում ինչու է իջել հարթակից: Մանրամասները՝ տեսանյութում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ