Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ

Հուլիս 25,2016 12:59

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2016թ. շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, շնորհավորել 2016թ. ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին և մաղթել նրանց հաջողություններ ու անփորձանք ծառայություն:

Սերժ Սարգսյանը ուսման մեջ գերազանցիկներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Հանրապետության Նախագահը արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով: Արարողությունն ավարտվել է շրջանավարտների հանդիսավոր քայլերթով և Պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների

ավարտական միջոցառման ժամանակ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, հրամանատարաշտաբային ֆակուլտետի, ինչպես նաև մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին՝ ուսումնառության այս փուլը հաջողությամբ հաղթահարելու կապակցությամբ:

Դուք ընտրել եք զինվորականի մասնագիտություն մի երկրում, որն արդեն 25 տարի ամեն օր կանգնած է պատերազմի սպառնալիքի առաջ: Սա մեր իրականությունն է: Ձեր մասնագիտական ընտրության փաստն արդեն իսկ խոսում է ձեր բարձր նկարագրի և աշխարհայացքի մասին: Այսօրվանից մեր ժողովուրդը նաև անձամբ ձեզ է վստահում իր անվտանգությունը և խաղաղ ապրելու իրավունքի իրականացումը: Այդ պատասխանատվությունը բոլորինս է, բայց առաջին հերթին բանակինն է, որովհետև նա առաջին շարքերում է:

18385_b

Իմ առաջին հորդորն է նորընծա սպաներին. հայ զինվորի մարտական ոգին բարձր է, բայց ձեր շնորհիվ այն պետք է բազմապատկվի: Ռազմական ունակություններն ու հմտությունները նոր ինքնավստահություն են հաղորդում յուրաքանչյուր զինվորի: Այդ լրացուցիչ ինքնավստահության ապահովումը ձեր պարտքն է:

Հիշեք, որ ձեր թիկունքում ոչ միայն ձեր ընտանիքներն են, այլև երկիր և մատենադարան: Մատենադարան նշանակում է քաղաքակրթություն, որի համահեղինակը, կրողն ու ներկայացուցիչն ենք մենք: Այդ քաղաքակրթությունը իր մեջ պարունակում է արժեքներ և այդ քաղաքակրթությանը դեմ են բռնությունն ու արյունահեղությունը, բիրտ ուժն ու տմարդությունը, անհանդուրժողականությունն ու ծայրահեղականությունը: Հայ զինվորականի, սպայի պատվո վարքականոնը արձանագրված է վաղուց և առկա է նույն մատենադարանում: Դուք ձեր ծառայության ամեն մի օրը պիտի դարձնեք ապացույց, որ մատենադարանը ձերն է, որ մատենադարանը մերն է, որ այն մեր արժեքային համակարգն է: Ապացուցեք, որ այլ արժեքներն ու գործելաոճը մերը չեն, օտար են և անընդունելի:

Պաշտպանելով երկիր և մատենադարան՝ դուք պաշտպանում եք այն քաղաքակրթական արժեքները առանց որոնց չկա հայի ինքնություն, չկա Հայաստան:

Կրկին շնորհավորելով ձեզ համար բացառիկ այս իրադարձության առթիվ՝ մաղթում եմ անփորձանք ծառայություն և մեր ողջ ժողովրդի անունից հավաստիացնում եմ, որ մենք ձեզ հավատում ենք: Հավատում ենք, որ հավերժ են հայի ինքնությունը և Հայաստանը, քանզի մենք մեզ երբեք չենք դավաճանելու:

Բարի ծառայություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031