Թուրքիայի Էրզրում քաղաքի Աթաթյուրքի անվան համալսարանի պատմության բաժնի դոկտոր Սավաշ Էիլմեզը 2016թ. հուլիսի լույս 16-ի զինվորական հեղաշրջման փորձից հետո, խոսել է գյուլենականների մարտավարության մասին՝ այն համեմատելով հայերի գործելաոճի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձից հետո այդ երկրի իշխանությունները տեղի ունեցածի համար պատասխանատու են համարում ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենին և նրա համակիրներին։
Գյուլենականների մարտավարության մասին խոսելիս՝ Էիլմեզն ասել է հետևյալը. «Երկրի ներսում կամ դրսում գյուլենականների այսօրվա մարտավարությունը շատ նման է հայկական ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճին։ Հայերը, որ տարիներով փորձում էին ներթափանցել պետական մարմիններ, թուրք-իսլամական պետության ամենաբարդ ժամանակաշրջանում, երբ պետությունը պատերազմի մեջ էր, այն ոչնչացնելու համար ապստամբություն էին հրահրում՝ օգտագործելով այս պետության զենքերը, միջոցներն ու լոգիստիկան»։