Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Փոթիում «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» ուժից պատգամավորության թեկնածու առաջադրված անձին ներկայացնելիս խոսել է մեր տարածաշրջանի և Վրաստանի արտաքին քաղաքականության մասին, տեղեկացնում է Грузия Online-ը։
Վրաստանի վարչապետն իր խոսքում ասել է, որ տարածաշրջանում Վրաստանը շարունակում է որոշակի կայունության կղզյակ լինել. «Այսօր Վրաստանում շատ ավելի մեծ կայունություն է, քան թեկուզ 4 տարի առաջ։ Ես կարծում եմ՝ դա զգում են բոլորը։ Չնայած այն իրադարձություններին, որ տեղի են ունենում տարածաշրջանում կամ դրանից հեռու, Վրաստանը շարունակում է մնալ որպես որոշակի կայունության կղզյակ»։
Անդրադառնալով Վրաստանի արտաքին քաղաքականությանը՝ Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի համար չափազանց կարևոր է Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը. «Հենց այդ պատճառով մենք պետք է կարգավորենք հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ»։