Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում վերջին մեկուկես տարում ադրբեջանական գնդակոծությունների եւ հրետակոծությունների հետեւանքով զոհվել է 7 խաղաղ բնակիչ, վնասվել շուրջ 1600 տուն: Ադրբեջանական զինուժի գնդակոծությունները գարնան գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ եւ աշնանը՝ բերքահավաքի ընթացքում, վնաս են հասցնում մարզի գյուղատնտեսությանը: Ադրբեջանի զինուժը սահմանագոտում գնդակոծում է միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատվածներ:
Այդ մասին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնել է հուլիսի 21-ին մարզպետարանում Թոմաս Գոֆֆուսի ղեկավարած ԱՄՆ սենատի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Ըստ մարզպետարանից ստացված տեղեկատվության՝ մարզպետը նշել է,որ ադրբեջանական զինուժը գնդակոծության թիրախ է դարձրել սահմանամերձ համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները: Տարբեր ծրագրերով կրթական այդ հաստատություններում պաշտպանական միջոցառումներ են իրականացվել՝ պաշտպանիչ պատեր են կառուցվել, լուսամուտների բացվածքներն են փոքրացվել, դպրոցներում եւ մանկապարտեզներում համեմատաբար ապահով սենյակներ են ստեղծվել, սակայն երեխաների տեղաշարժը դեռեւս վտանգի տակ է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ