Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ լուծում էլ լինի, բացի իշխանության զիջումներից, այլ ելքը ձեռնտու չի կարող լինել իշխանությանը»

Հուլիս 25,2016 14:00

Առցանց «Առավոտի» եթերում «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակում բանավիճում են քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը եւ Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած իրավապահ մարմինների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ անդրադառնալով հուլիսի 17-ին Պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակմանը՝ նա ասել է. «Հայաստանում բռնի ուժով, հարձակումով եւ պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի եւ մեր հասարակության, պետության հասունության կարեւորագույն քննություն: Ոստիկանության Պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը: Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը: Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ: Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով: Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար: Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը: Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար»:

Նելլի Բաբայան- Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանի այս հայտարարությունն ինչի՞ մասին է խոսում, Վիտալի Բալասանյանն էր գնացել բանակցելու, սակայն արդյունքների մասին որեւէ տեղեկատվություն չկա:

Հայկ Մարտիրոսյան- Արդյունքների մասին տեղեկություն չկա, որովհետեւ արդյունք մեծ հաշվով գրեթե չկա: Բալասանյանի կարեւոր ձեռքբերումն այն է, որ կարողացել է ապահովել սննդի մատակարարումը, եւ 2 օրվա սնունդ կա, ինչպես նաեւ ջուր: Բայց պիտի նկատի ունենանք, որ Բալասանյանն իր առաջարկները չի ներկայացնում, այլ միջնորդ է, նա ներգրավվել է բանակցության փուլ, որովհետեւ ունի անվերապահ հեղինակություն բոլոր կողմերի մոտ: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո իր վարկանիշը ավելի բարձր է, քան որեւէ այլ քաղաքական կամ ռազմական գործչի: Եվ եթե այսպիսի հարգանք վայելող անձին չի հաջողվում, ամենայն հավանականությամբ, դատելով արդյունքների բացակայությունից, որեւէ բանի հասնել, նշանակում է երկու կողմերն էլ խիստ անզիջում դիրքեր ունեն, ցավալի է՝ կոնսենսուս չի առաջանում: Կարծում եմ՝ նախագահի այսօրվա խորհրդակցությունը, որը իրականում ոչ թե խորհրդակցություն էր, այլ ուղերձ էր ժողովրդին, գալիս է հաստատելու, որ իշխանությունը ավելի ու ավելի է հակվում ուժային լուծման եւ հող է նախապատրաստում հասարակության մեջ այն ամենի համար, ինչը լինելու է առաջիկայում:

Ն. Բ.– Բայց իշխանություններն ասում են, որ ամեն ինչ անում են խնդրի խաղաղ հանգուցալուծման համար:

Հ. Մ.– Իսկ ով է հավատում այդ հայտարարություններին: Միշտ կարելի է ասել, որ ցանկանում էինք խաղաղ կերպով հանգուցալուծել, բայց չստացվեց: Նույնն էլ կարող են ասել զինյալները: Պետք է նկատի ունենանք, որ արյունոտ հանգուցալուծման մեջ, որին որեւէ մեկը չի կասկածում, կարծում եմ՝ կան մի քանի բաղադրիչներ, որոնք ձեռնտու են թե ապստամբներին, թե իշխանություններին, եւ ձեռնտու չեն երկուսին: Հեռանկարում մեծ հաշվով, իհարկե, ինչպիսին էլ լինի լուծումը, բացի իշխանության զիջումներից, այլ ելքը չի կարող ձեռնտու լինել իշխանությանը, որովհետեւ դա ստեղծելու է շատ ավելի մեծ լարում հասարակության մեջ, քան այսօր կա: Ակնհայտ է, որ հասարակության մի զգալի հատված հաստատ իշխանության կողմում չէ այս հակամարտության մեջ: Մյուս կողմից զոհեր են լինելու, զոհվելու են զինյալները, եւ եթե զինյալները զոհվեն, իրենք հերոսանալու են, իրենք շահելու են եւ սարսափելի մեծ լարում են մտցնելու հասարակության մեջ՝ իրենց մահից հետո:

Ն. Բ.- Պարոն Բաբայան Սերժ Սարգսյանի այս ուղերձն արդյոք տեղ կհասնի՞, նախագահի խոսքը ինչպիսի՞ կշիռ ունի հասարակության մեջ: Դուք այն մտավորականներից եք, որ կոչ էիք անում զինյալներին հանձնվել իրավապահ մարմիններին, հանրությունը քննադատեց այդ նախաձեռնությունը: Չե՞ք փոշմանել դրա համար:

Ռուբեն Բաբայան.– Ոչ, չեմ փոշմանել: Այդտեղ հարցը վերաբերում էր սեփական խղճին, որպեսզի կարողանաս օգտագործել նույնիսկ վերջին հնարավորությունը, եթե նույնիսկ արդյունք չտա: Սերժ Սարգսյանի ուղերձի մասին ես խոսել այսպես չեմ կարող, պետք է ամբողջովին ծանոթանամ, վերլուծեմ: Կարծում եմ՝ երկրում յուրաքանչյուր օղակ՝ պետական ապարատ, կուսակցություններ, կառավարություն, ընդդիմություն կամ հասարակ մարդիկ, այսօր պետք է ունենան մի խնդիր՝ արյուն չթափվի: Ես ուրիշ խնդիր իմ առջեւ չեմ տեսնում: Իմ քննարկումն ու խոսքերը պետք է ուղղված լինեն մի բանի, որ արյուն չթափվի: Արյուն կարող է թափվել նաեւ առանց կամքի դրսեւորման: Երկու կողմից էլ մարդիկ են կանգնած, պատկերացրեք այդ ներվային, լարված վիճակը, երբ ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ զգացմունքային գործողություն, եւ պարտադիր չէ, որ այս կամ այն կողմից լինի հրահանգ:

Ն. Բ. – Եթե, այնուամենայնիվ, իրավապահներին հաջողվի առանց արյունահեղության եւ զոհերի գնդի տարածքը վերցնել, ինչպե՞ս կարձագանքի հանրությունը:

Հ. Մ.– Ինչպե՞ս, Նորդ-Օստի օրինակով՝ գազային, չգիտեմ քնաբերով, բայց այդ դեպքում իրավիճակն ավելի է բարդանալու, բայց դա ես իրատեսական չեմ համարում, որովհետեւ հակառակ կողմում նստած չեն սիրողական մակարդակի զինյալներ: Նրանք մարդիկ են, որոնք զենքի հետ են գրեթե մեծացել: Ինչպիսին էլ լինի հանգուցալուծումը, եթե իշխանությունը չի գնում զիջումների, հանրության արձագանքը լինելու է շատ ավելի բացասական, երկփեղկումը հասարակության ավելի խորանալու է: Ցավոք սրտի, լինելու է մի շատ անցանկալի սցենար, առաջ են գալու այլ դերակատարներ, որոնք, ամենայն հավանականությամբ, շատ ավելի բռնի մեթոդներով են լինելու, չեն մտահոգվելու ավելի շատ զոհերի առումով: Ես չեմ բացառում, որ եթե այսօր իրականացվի օպերացիա, զոհեր լինեն:

Պատկերացրեք որոշ ուժերի որքան ձեռնտու կլինի, եթե, Աստված մի արասցե, լինի այնպիսի մի սարսափելի բան, որ երկու ղեկավար ոստիկանները զոհվեն: Օսիպյանը, որը ժողովրդի մեջ գերազանցիկ ոստիկանի համբավ ունի, ու նրա անվան շուրջ ինչպիսի PR կամպանիա կկառուցվի: Կասեն՝ այսպիսի խաղաղարար, կիրթ ոստիկանի հանդպ այսպիսի վերաբերմունք ցուցաբերեցին: Սա ավելի մեծ լարում կբերի: Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հասարակության լարումն ավելի չմեծանա, կուտակված ատելությունն ավելի չխորանա:

Պատրաստեց
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԸ

 

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031