Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը ԼՂ հարցը բանակցում է նույնիսկ ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ-ի հետ

Հուլիս 25,2016 13:30

Հովհաննես Իգիթյանը պաշտոնական
Երեւանին կոչ է անում կտրուկ քայլերի գնալ

Դեռ մայիսի 26-ին խորհրդարանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ Հայաստանը կրկին համաձայնվել է ԼՂ հարցում բանակցություններ վարել առանց Արցախի, ասել էր. «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչ այսօր քննարկվել են եւ դրվել են Վիեննայում` ի պահ գլխավոր քարտուղարության գրասենյակում, կա կետ, որ ԼՂՀ-ն պետք է ներգրավված լինի բանակցություններում:

Առանց ԼՂՀ անհնար կլինի որեւէ փաստաթղթի մշակում»: Այդ թեզը հետո քանիցս կրկնվեց, այդ թվում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը այդ թեզին հակադրում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններն այն մասին, որ իրենք լսել են կողմերի դիրքորոշումները եւ փորձում են դրանք հնարավորինս մոտեցնել: Կողմերի դիրքորոշումները հայտնի են` պաշտոնական Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը հարձակվել է եւ գրավել իր տարածքի 20 տոկոսը, կան փախստականներ եւ այլն: Ի դեպ, «գրավված տարածք» ասելով՝ Ադրբեջանում նկատի ունեն ԼՂՀ-ն: Ադրբեջանի նախագահը երբեմն եվրոպաներում շատ վերացական հայտարարություններ է անում կարգավիճակի մասին: Հովհաննես Իգիթյանը փաստում է` Ադրբեջանի այս կոշտ դիրքորոշումը բացառում է որեւէ ձեւով ԼՂՀ-ի` Ադրբեջանից դուրս լինելը: Պաշտոնական Երեւանը Լավրովի ներկայությամբ հայտարարում է, որ հարցը պետք է լուծվի խաղաղ միջոցներով` հաշվի առնելով հայտնի երեք սկզբունքները: «Լավրովը Հայաստանից վերցնում է խաղաղ լուծելու հնարավորությունը եւ ասում է` ես գարանտ կկանգնեմ, որ Ադրբեջանը չկրակի ձեզ վրա, չնայած նրան զենք եմ վաճառում: Ադրբեջանից էլ վերցնում է, որ ԼՂՀ-ն գրավված տարածք է, չնայած ՌԴ-ն նման տարածք է համարում ԼՂՀ-ի շուրջ եղող տարածքները:

Սա է ՌԴ-ի մոտեցումը, ինչը մտավախության տեղիք է տալիս, մանավանդ, եթե լսենք ՌԴ-ի` զինվորական հատվածի գործիչների հայտարարությունները: Այնպիսի տպավորություն է, որ ՌԴ-ի ճնշումը Հայաստանի նկատմամբ լինելու է հետեւյալը` դուք հետեւեք իմ հորդորին, ենթադրենք, տարածքները տալու: Եթե չանեք` ես մեղք չունեմ, Ադրբեջանը կհարձակվի եւ ուժով կվերցնի: Ես, փաստորեն, չեմ կարողանա իրականացնել հարցը խաղաղ կարգավորելու ձեր պահանջը, որովհետեւ դուք ինձ չեք լսում»,- ասաց մեր զրուցակիցը` նկատելով, որ եթե այս ամենին գումարենք ռուս պրոադրբեջանական գործիչների դիրքորոշումը` սկսած փոխվարչապետ Ռոգոզինից, ակնհայտ է, որ ՌԴ-ն վերցնում է «Ադրբեջանի կողմը»:

Այս իրավիճակում, մեր զրուցակցի համոզմամբ, «հող տալը, տարածքներ վերադարձնելը» թղթի վրա չի լինելու, այլ պատերազմի միջոցով: Ի՞նչ կարելի է անել այս իրավիճակում` մեր հարցին Հովհաննես Իգիթյանը պատասխանեց. «Հայաստանը եւ ԼՂՀ-ն համատեղ, քանի որ ԼՂՀ-ն առանձին ձայն չունի, պետք է ներկայացնեն խնդրի լուծման այն տարբերակը, որը ԼՂՀ-ն է ուզում: Այլապես անհեթեթ է` մի կողմն ասում է` հայերն այնտեղ չպետք է ապրեն եւ վերջ, մյուս կողմը ոչ թե կարգավիճակն է ներկայացնում, այլ լուծման ձեւը: Ի՞նչ է ուզում հայկական կողմը` պարզ չէ»: Մեր դիտարկմանը, որ պաշտոնական Երեւանից, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո քանիցս հայտարարություններ հնչեցին, որ ԼՂՀ-ն երբեւէ չի լինելու Ադրբեջանի կազմում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Հայաստանն այսպիսի մի գիծ է վերցրել` ՌԴ-ն Ադրբեջանին սարսափելի քանակությամբ հարձակողական զենք է վաճառում, իրենց մասնագետներին էլ ուղարկում են, որ ադրբեջանցիները դիպուկ ձեւով կարողանան խփել մեր օբյեկտներին:

Հայաստանի իշխանությունը բարձր մակարդակով ներկա է լինում տարբեր միջոցառումների, որտեղ ՌԴ-ն ներկա է, եւ ոչ մի բան չի ասում: Մեկ էլ Արգենտինայում կամ ԱՄՆ-ի մի համալսարանում Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե շատ վատ բան է անում ՌԴ-ն: Զուգահեռ, Էդուարդ Նալբանդյանը BBC-ին, որն ավելի բարձր հարթակ է, հայտարարում է, որ դա ընդամենը բիզնես է: Նույնը ԼՂՀ-ի հետ կապված. այն ֆորմատում, որտեղ Հայաստանը պետք է ներկայացնի իր տեսակետը, չի ներկայացնում: Հետո մի լսարանում` ներկուսակցական, անվտանգության խորհրդում կամ ինչ-որ այլ տեղ, ներկայացվում է ԼՂ հարցի վերաբերյալ մոտեցում: Մինսկի խումբը կամ հարցի կարգավորման մեջ ընդգրկված միջազգային կառույցները պարտավոր չեն թերթ կարդալ եւ տեսնել, թե Սերժ Սարգսյանը կամ Էդվարդ Նալբանդյանը որտեղ ինչ են ասում: Կա ասելու տեղ եւ ժամանակ: Կար ժամանակ, երբ Հայաստանը ձեռնպահ էր մնում բաց ներկայացնել հարցի լուծման իր մոտեցումները, քանի որ կային Մինսկի խմբի տերմինոլոգիայի պահպանման պարտավորություններ, ստատուս քվոյի հետ կապված հարցեր, բայց իրավիճակ է փոխվել, պատերազմ է եղել: Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ խախտել 1994-95 թվականների համաձայնությունները եւ խաղաղ բնակչության նկատմամբ զենք կիրառել, իսկ Հայաստանը վախենում է ճիշտ ձեւով ներկայացնել իր ուզածը»: Հովհաննես Իգիթյանը նկատում է, որ Ադրբեջանն արդեն հաջորդ քայլն է անում` գնում է տարբեր երկրներ եւ միակողմանի ներկայացնում իր դիրքորոշումը` հավանություն եւ աջակցություն ստանալով, իսկ Հայաստանի ձայնը չի լսվում: Այս իրավիճակում մենք ոչ թե այդ երկրներին պետք է մեղադրենք, այլ Հայաստանի դիրքորոշումները տարբեր միջազգային ատյաններում: «Ալիեւը Ուկրաինայում հանգիստ հայտարարում է, որ Ղրիմը օկուպացված է ՌԴ-ի կողմից, եւ որեւէ պատիժ չի ստանում, հակառակը՝ ՌԴ-ն ջանում է ավելի բան անել Ադրբեջանի համար, որպեսզի նրա դիրքորոշումը պրոռուսական դառնա:

Մինչդեռ Հայաստանը մեռավ քծնանքի քաղաքականությամբ ՌԴ-ի բոլոր պահանջներն իրականացնել, եւ ստացան այն, ինչ որ ստացանք: Միգուցե ժամանակն է, որ մենք էլ ասենք այն, ինչ որ մտածում ենք ՌԴ-ի մասին, որովհետեւ Հայաստանի վարած քաղաքականությունը հաջողության չի բերել: Միայն ինքնուրույն քաղաքականություն իրականացնող պետության հետ են հաշվի նստում: Թե ՌԴ-ի, թե, ցավոք, աշխարհի կողմից ՌԴ-ի կցորդ համարվող Հայաստանի հետ ոչ ոք չի ցանկանա խոսել: Ադրբեջանը նույնիսկ ԼՂ հարցը փորձում է բանակցել ոչ թե Հայաստանի, էլ չասեմ, թե ուր մնաց՝ ԼՂՀ-ի, այլ ՌԴ-ի հետ, ու կարծես, իրենց դա հաջողվում է: Հայաստանը կտրուկ քայլ պետք է անի, որպեսզի իրավիճակը փոխվի, այլապես ամեն ինչ գլորվելով գնում է Ադրբեջանի ուզած սցենարով»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահագ says:

    **Մինչդեռ Հայաստանը մեռավ քծնանքի քաղաքականությամբ ՌԴ-ի բոլոր պահանջներն իրականացնել** Այսինքն ինչ, քծնանքը նենց լավ բան ա, որ քծնողին պիտի լավ նայե՞ն, քան չքծնողի՞ն: Փոխանակ գետինը մտքնենք քծնելուց, դեռ մի բան էլ որպես լավ հատկանիշ ենք մեջ բերում, թե **Մինչդեռ Հայաստանը մեռավ քծնելով***:
    Ոնց էլ փոխվի Հայաստանում իշխող կուսակցության անունը, դեմքերն էլ են նույնը մնում, իրանց ասածն ու արածն էլ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031