Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ պատահեց, երբ Հովիկ Մանուկյանը ներկայացավ Արթուր Լեոնով

Հուլիս 25,2016 13:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտված Հովիկ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանը Ալեքսանդր Ազարյան, Տիգրան Դահակյան եւ Գրիշա Մելիք-Սարգսյան կազմով երկրորդ դատական նիստն է հրավիրում:

Հովիկ Մանուկյանը դատապարտվել էր 5 տարի ժամկետով ազատազրկման, առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ կալանավորումը:

Քննությունն իրականացրել էր ԱԱ ծառայության քննչական վարչությունը:
Բողոք են բերել թե Հովիկ Մանուկյանի պաշտպանը՝ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարինե Խաչատրյանը, թե մեղադրողը:

Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել եւ փոփոխել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ նշանակել նվազ խիստ պատիժ՝ տուգանքի ձեւով կամ՝ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:
Իսկ մեղադրանքի կողմը պահանջում է վերջնական պատիժ՝ 7 տարի ժամկետով ազատազրկում:

Միջնակարգ կրթությամբ, Մասիս քաղաքի նախկինում չդատված բնակիչը մեղադրվում է անցյալ տարվա հունվարի 30-ից հետո կատարված հանցագործությունների համար:
Ըստ մեղադրանքի կողմի, նա Երեւանում գործող «FINE» խանութ-սրահ էր եկել՝ ներկայանալով որպես Արթուր Լեոնով: Խանութ-սրահում գտնվող «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» պատկանող պոստերմինալի միջոցով, օգտագործելով «Ամերըքան Էքսպրես»- վճարային կազմակերպության Արթուր Լեոնովի անվամբ բանկային պլաստիկ քարտի կեղծ կրկնօրինակը, գնել է «Լենովո Յոգա» մակնիշի 7 համակարգիչ, փաստորեն, այլ անձի բանկային հաշիվներից խաբեությամբ հափշտակելով 4.369.170 ՀՀ դրամ գումար։
Հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ոգեւորվելով կատարված հաջողությամբ, նա փետրվարի 3-ին «I MALL» խանութ-սրահ մտնելով, ներկայանալով դարձյալ որպես Արթուր Լեոնով անուն-ազգանունով սպառող, այնտեղ տեղադրված՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» պատկանող պոստերմինալի միջոցով, օգտագործելով Արթուր Լեոնովի անվամբ բանկային պլաստիկ քարտի կեղծ կրկնօրինակը, գնել է 5 հատ պլանշետային համակարգիչ՝ այդ դրվագով էլ այլ անձի բանկային հաշիվներից հափշտակելով 2.415.000 ՀՀ դրամ գումար։

3-րդ դրվագը, սակայն, իր կամքից անկախ՝ ավարտին չի հասցվել: Հովիկ Մանուկյան՝ Արթուր Լեոնովը մարտին Երեւանում գործող «Թաչ» խանութ-սրահում տեղադրված՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկին» պատկանող պոստերմինալի միջոցով, օգտագործելով «Ամերըքան Էքսպրես» վճարային կազմակերպության` Արթուր Լեոնովի անվամբ բանկային պլաստիկ քարտի կեղծ կրկնօրինակը, փորձել էր գնել 2 միլիոն ՀՀ դրամ արժողության 5 հատ «Այֆոն» տեսակի բջջային հեռախոս: Սակայն գործարքը չի հաստատվել բանկի կողմից, ըստ էության, խափանվել է հանցագործություն կատարելու նրա մտադրությունը:

Ի դեպ, այս դատական գործընթացը տեղի է ունեցել արագացված ընթացակարգով, Հովիկ-Արթուրը ընդունել է իր մեղքը եւ խնդրել, որպեսզի դատական հրապարակային նիստ լինի:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

23.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031