Հայաստանում արտագաղթը ոչ մի կերպ չի դադարում: Այն դարձել է մեր երկրի ու մեր ժողովրդի անլուծելի խնդիրներից մեկը: Հայաստանում արտագաղթի խնդիրը գնալով ավելի ու ավելի տագնապալի է դառնում:
Տեր-Պետրոսյանի նախագահության հատկապես առաջին տարիներին մեր արտագաղթողների հիմնական ապաստան ԱՄՆ-ն անհամեմատ հեշտությամբ էր ընդունում Հայաստանից արտագաղթողներին: Հետագայում եւ առ այսօր Միացյալ Նահանգներն անհամեմատ դժվարացրել է մեր երկրից արտագաղթողների ընդունելությունը:
Ռուսաստան արտագաղթողներն էլ են պակասել՝ ոչ այնքան ռուսների անհյուրընկալության պատճառով, այլ որ Ռուսաստանում էլ է կյանքը տասնապատիկ դժվարացել, եւ այսօր Հայաստանից Ռուսաստան արտագաղթողներն ինքնադրսեւորման անհամեմատ քիչ հնարավորություններ ունեն, քան անկախության առաջին տարիներին:
Արտագաղթը, ամեն ինչից բացի, առաջին հերթին նաեւ սոցիալական երեւույթ է: Արտագաղթողներից շատերն արտագաղթում են, որպեսզի լավ ապրեն: Նրանցից շատերն այստեղ էլ են լավ ապրել, բայց արտագաղթել են, որպեսզի ավելի լավ ապրեն: Բայց հիմնականում արտագաղթել են նրանք, ովքեր այստեղ պարզապես չեն կարողացել գոյատեւել:
Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո շատ ենք ասում ու շեշտում, որ հայրենասեր ու անձնազոհ երիտասարդություն ունենք: Ինչքան էլ դա համապատասխանի իրականությանը, գաղտնիք չէ, որ հատկապես պատերազմի տարիներին եւ դրանից հետո էլ ոմանք բանակից ու ծառայությունից խուսափելու նպատակով են արտագաղթել:
Բոլոր դեպքերում՝ արտագաղթել են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել: Որովհետեւ արտագաղթելու համար ոչ միայն ցանկություն է պետք, այլեւ հնարավորություն: Ընդ որում, ոչ միայն որեւէ երկիր պետք է ընդունի քեզ, այլեւ Հայաստանից ու հայրենիքից հեռանալու եւ օտար ափերում բնավորվելու համար էլ են անհրաժեշտ ֆինանսական որոշակի միջոցներ, որը արտագաղթել ցանկացողներից ոչ բոլորն ունեն:
Կարդացեք նաև
Այսուհանդերձ, ասածս չի նշանակում, թե արտագաղթելու հնարավորություն ունեցող բոլոր դժգոհներն արտագաղթել են կամ արտագաղթելու են: Եթե այդպես լիներ, Հայաստանում գրեթե մարդ չէր մնա: Ասածս նաեւ չի նշանակում, թե նրանք, ովքեր արտագաղթելու հնարավորություն չեն ունեցել, ունենալու դեպքում կարտագաղթեին ու կհեռանային իրենց նախնիների ու իրենց հայրենիքից: Այսինքն՝ մեր շարքերում մշտապես եղել են, կան եւ կլինեն մարդիկ, ովքեր թե հնարավորություն ունենալու եւ թե չունենալու դեպքում ոչ միայն չեն լքել, չեն լքում եւ չեն լքի հայրենիքն ու հայրենի երկիրը, այլեւ մտքների ծայրով անգամ չեն մտածում այդ մասին: Դրանք այն հայերն ու Հայաստանի այն քաղաքացիներն են, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքը Հայաստանից դուրս: Այդ մարդիկ, անտեսելով ու հաղթահարելով ամեն կարգի դժվարություններ, դժվարությամբ ապրում եւ շարունակում են գոյատեւել իրենց իսկ հայրենիքում ու երկրում, եւ, փաստորեն, այս մարդկանց շնորհիվ են ապրում ու գոյատեւում հայրենիքն ու երկիրը:
Սա բոլորս պիտի գիտակցենք, եւ առաջին հերթին սա պիտի գիտակցի հայրենիքի ու երկրի իշխանությունը: Եվ եթե խորապես գիտակցի, կտրուկ կփոխի վերաբերմունքը ոչ մի պարագայում չարտագաղթող ու մնայուն ժողովրդի նկատմամբ:
Մենք հաճախ բարոյախրատական քարոզներ ենք կարդում արտագաղթածների ու արտագաղթողների գլխին՝ մոռանալով, որ նրանցից շատերը ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելու համար, այլ ստիպված, չուզենալով են արտագաղթել:
Բայց հարցի մյուս կողմը կա, եւ հարցի մյուս կողմը շատ կարեւոր է: Հարցի մյուս կողմն այն է, որ արտագաղթած մեր շատ ու շատ հայրենակիցներ դրսերում հիմնավորվելով եւ գործնական ու ֆինանսական որոշակի հաջողությունների հասնելով՝ ֆինանսապես նեցուկ են լինում իրենց ազգականներին, հարազատներին ու բարեկամներին, որոնք, փաստորեն, իրենց գերդաստանի արտագաղթած անդամի շնորհիվ են Հայաստանում ապրում ու գոյատեւում:
Հույս ունենք, որ մի գեղեցիկ օր արտագաղթածները կվերադառնան եւ իրենց ողջ ներուժը կներդնեն հայրենի երկրի կառուցմանն ու ամրապնդմանը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
23.07.2016
Արտագաղթը կարծես թե միայն լրագրողների համար թեմա լինի: Ում եւ ինչ ա լինում, երբ ուրիշները արտագաղթում են: Հիմա, ասենք թե մեր օլիգարխներից կամ նախարարներից արտագաղթեն, ես ո՞նց կվերաբերվեմ: Կասեմ ավելի լավ: Նույնն էլ ձեր ասած իշխանությունը. ոնց պիտի վերաբերվեն, եթե արտագաղթեմ ես: Կասեն գնում ես, գնա, մեզ ինչ: Իրականում ում վրայա ազդում արտագաղթը: Մենակ արտագաղթողի մերձավոր շրջապատի: Խոսվում ա մենակ արտագաղթ երեւույթի մասին, իսկ այ դրա պատճառների մասին ու էդ պատճառները ստեղծողների մասին, ոչ ոք չի խոսում: