Ըստ բանաստեղծ Էդուարդ Հարենցի,
պոեզիայում կարեւորը չասվածն է՝ լռությունը
Օրերս գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասուլիսում նշել էր, որ մեր որոշ գրողների գրքերը հայրենիքում տպագրվում են, ասենք՝ 500 օրինակով, ու տարիներով չեն սպառվում, մինչդեռ նույն գրողների գրքերը արտերկրում մեծ տպաքանակով հրատարակվելու դեպքում ոչ միայն դրական իմաստով աղմուկ են հանում, այլեւ սպառվում են, նույնիսկ՝ վերահրատարակվում: Երբ «Առավոտը» մասնագետից հետաքրքրվեց, օրինակ, ո՞ր գրողին նկատի ունի, գրականագետն առանց երկմտելու հայտնեց բանաստեղծ Էդուարդ Հարենցի անունը: «Հարենցը ուրույն ձեռագրով հետաքրքիր պոետ է, որ շատ լավ տիրապետում է հայ եւ համաշխարհային պոեզիային: Նաեւ տաղաչափական իմաստով շա՜տ գրագետ պոետ է: Նրա ստեղծագործությունները լի են հայկական ու արեւելյան կոլորիտով»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նշեց, որ գրողն արժանացել է մի շարք բարձրագույն պարգեւների, ամենավերջինը՝ 2015թ. Բրյուսելում տպագրված ալբաներենով ժողովածուն արժանացել է Պյետեր Բոգդանի մրցանակի՝ որպես տարվա բանաստեղծ: Հետո էլ հավելեց. «Նա սովորել է Կահիրեի պետական համալսարանում, տիրապետում է մի քանի լեզվի: Հետաքրքիր է ստեղծագործողի լեզվամտածողությունը: Հարենցը իր գործերը ընթերցողին կարողանում է մատուցել այնպես, որ վերջինս պարզապես չի զգում արհեստականություն, դրանցում ներդաշնակված են մեր լեզվի տարբեր շրջաններ՝ գրաբարը, միջին հայերենը, անգամ արեւմտահայերենն ու բարբառները: Ի դեպ, հարենցյան պոեզիան թարգմանվել է շուրջ 50 լեզվով»:
Մեր զրույցի սկզբում Հարենցը նշեց. «Ես նախընտրում եմ պոեզիան, քան խոսելը, այն ավելի ինտիմ հաղորդակցվելու միջոց է: Նույնն է, թե նկարիչը բացատրի իր կտավի իմաստը: Պոեզիայում կարեւորը չասվածն է, լռությունը… Հենց դա է պետք տեսնել: Այսինքն՝ թաքցնելով ես ցուցում, տեսանելի դարձնում ասելիքդ: Ինձ համար կարեւոր է, որ բանաստեղծությունը մի քանի բանի մասին լինի, շերտեր ունենա: Պոեզիան անկախ «իզմերից», անկախ տեսակներից, պետք է դրանցից դուրս լինի: Պոեզիան դրանց վերագրյալը չի: Պոեզիան էդ ասվածը չի, այլ ասելիքն է, որ թաքնված է ասվածի տակ…»:
Շուրջ 5 տասնյակ թարգմանված ժողովածուներ ունեցող մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ որտեղի՞ց են թարգմանիչները հայտնաբերում Հարենցին եւ ամեն անգամ ինքը գո՞հ է մնում թարգմանություններից: Բանաստեղծը նշեց, որ պոեզիայի բազմաթիվ միջազգային փառատոների է մասնակցել, որոնց ընթացքում էլ ծանոթացել է թարգմանիչների հետ: «Ամեն դեպքում միջնորդ լեզուն անգլերենն է ու ռուսերենը: Եղել է, որ իմ պոեզիան թարգմանել են չինացիները, ճապոնացիները՝ հենց անգլերենից: Օրինակ՝ մակեդոներենը, ռումիներենը, բրազիլական պորտուգալերենը, արաբերենը, եբրայերենը հայերենի լեզվակիրներ են: Եղել են դեպքեր, որ պարզապես ինձ չի բավարարել թարգմանությունը: Եղել է նաեւ, որ օգնել եմ թարգմանչին, քանի որ տիրապետում եմ ֆրանսերենին, արաբերենին, եբրայերենին, ռուսերենին… Հետո՝ թարգմանիչների հետ մշտական կապ չկա: Եղել են նաեւ դեպքեր, երբ առանց իմ իմացության թարգմանել են ու հետո միայն խնդրել իմ հեղինակային իրավունքը…»,- հայտնեց բանաստեղծը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե խորհրդային տարիներին, օրինակ, Եվտուշենկոյի, Ռոժդենստվենսկու եւ էլի մեկ-երկու անվանի բանաստեղծների գործերը ունկնդրելու համար նույնիսկ ստադիոններ էին «լցվում», Հարենցն ասաց, որ պոեզիան էստրադա չէ, բանաստեղծություն կարդալը ենթադրում է ավելի ինտիմ մթնոլորտ…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ բանաստեղծի ֆեյսբուքյան էջից:
«Առավոտ»
23.07.2016
Ոչ, պոեզիան վաղուց կարեղ է և էստրադա դառնալ, եթե լավ կարդան: Ինտիմ՝ ոչ ամեն բանաստեղծություն: Աբաջյանը պակաս չէր կարդում…