Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվերը կատարված է՝ սպասենք մանդատներին

Հուլիս 25,2016 08:43

Վերջապես հնգօրյա լռությունից հետո¸ հուլիսի 22-ին նախագահ Սերժ Սարգսյանը երևաց հեռուստաէկրանին: Երևաց, բայց ոչ թե ժողովրդի, հասարակության հետ խոսելու, այլ իր անվտանգության խորհրդի անդամներին հրապարակային հանձնարարականներ տալու համար, «ձեռի հետ էլ» լարված իրավիճակին գնահատական տալու համար՝ «Այս ուղերձը հանրություն, քեզ բավական է»:

Սրան հետևեցին ՀՅԴ-Հայաստանի ԳՄ-ի հայտարարությունը և Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական քաղաքական վերլուծությունը:

Արդյոք մենք գործ ունենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված ապագա կոալիցիայի՞ հետ:

Կարծում եմ՝ այս երեք, եթե կարելի է ասել՝ ուղերձներից, ամենուշագրավը Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամ, հետագայում ՀՀ նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանինն է, որին հատուկ կուզենայի պատասխանել, այն պատճառով, որ նա անդրադարձել է նաև Շուշիի հռչակագրին, որի նախաձեռնողներից եմ եղել նաև ես, նույն Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի գաղտնի անդամը:

Դեռևս 1991 թ. նախագահական քարոզարշավում Տեր-Պետրոսյանը մոտավորապես այսպիսի միտք հայտնեց. «Բարոյախոսությունը ես չեմ ընդունում, մի այդպիսի քարոզիչ կար.., նրա վերջը տեսանք ինչ եղավ»։ Հետագայում նա ևս մի քանի անգամ կրկնել է այս միտքը: Եվ ահա Տեր-Պետրոսյանը իր ուղերձը սկսում է բարոյախրատական ոճով, «հանրահայտ ճշմարտություններ» քարոզելով և որպես գերակա խնդիր ներկայացնում՝«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդն, ահա, կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման եւ Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջեւ, որն իր կարեւորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը»։ Լավ¸ մի կողմ դնենք այն, որ մնացյալ բոլոր հարցերն են բերել Արցախի անվտանգության խոցելիությանը: Իսկ Տեր-Պետրոսյանը գիտի՞, վստա՞հ է արդյոք, որ Սերժ Սարգսյանը բանակցում է բարեհաջող կարգավորման ուղղությամբ, և ո՞րն է արդյոք բարեհաջող կարգավորումը:

Այս համատեքստում, իսկապես, Արցախի անկախության և անվտանգությամբ անհանգստացած գործիչներին Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի անդամը այպանում է.

1 Որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում.

2. Շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների եւ նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցությամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում։

Հետհայաց 80 –ականներին.

Karabax komiteՂարաբաղ կոմիտեում, ինչ որ պահից սկսվեցին քննարկումներ Հայաստանի անկախության գաղափարի շուրջ: Կոմիտեի ամենահակաանկախական անդամներից էր Տեր-Պետրոսյանը, որն ասում էր որ իր միակ նպատակը Արցախի միավորումն է Հայաստանին: Հիշում եմ նրա ելույթների հիմնական կարգախոսը, որը կրկնվում էր մի քանի անգամ «… Քանի դեռ Լեռնային Ղարաբաղը չի միավորվել Հայաստանին»։ 1988թ.-ին արդեն սկսվել էին հայ ադրբեջանական ընդհարումները, բայց Տեր-Պետրոսյանը շարունակում էր բորբոքել զանգվածներին, փոխանակ կամուֆլյաժ հագնելու և ճակատ գնալու:

Նույն կերպ¸ 2008 թ.–ին որդուն անվտանգության նկատառումներով ուղարկեց ԱՄՆ, իսկ մարտի 1–ին տնից դուրս չեկավ, ցուցարարներին կոչ արեց շարունակել ընդվզումը և իրեն ձեռքերի վրա տանել նախագահական, և հանգիստ քնեց¸ փոխանակ կամուֆլյաժը հագին ցուցարարների առաջին շարքերում լիներ:

Արցախյան ալիքի վրա գալով իշխանության Տեր-Պետրոսյանը 1992թ. «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում ասում է.

«Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ»:

Նույն մտքերն էին արծարծվում նաև 1997թ. հրապարակված «Պատերազմ, թե խաղաղություն» ծրագրային հոդվածում:

Գիտեմ, թե ինչ կպատասխանեն «լևոնագետները». ԽՍՀՄ տարիներին միացումը հնարավոր էր, իսկ անկախության՝ ոչ: Նախ, ով ասաց¸ թե ԽՍՀՄ ժամանակ հնարավոր էր, բազմիցս անհաջող փորձեր են եղել, մարդիկ են բանտարկվել և աքսորվել:

Ինչևէ. ենթադրենք ճիշտ եք, այդ դեպքում ինչու Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրվեց. «… կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…և այլն»:

Կարելի է նաև ընդունել, որ մարդը հասունացել է և հասկացել, որ սխալվել է, ղարաբաղյան շարժումը գուցե սխալ էր: Այդ դեպքում հրապարակավ ներողություն խնդրիր ողջ հայ ժողովրդից այդքան զրկանքների համար և ընդմիշտ հեռացիր քաղաքական ասպարեզից :

Թե՞ կարելի է Արցախի հարցով գալ իշխանության, հետո Արցախը հանձնելով պահել իշխանությունը կամ իշխանության մաս կազմել:

Արդյոք Տեր-Պետրոսյանը իր այս ուղերձով չի՞ պաշտպանում Սերժ Սարգսյանի ներկայիս, հանրությանը հայտնի միայն կազանյան հռչակագրի դրույթներով Արցախը փուլային տարբերակով Ադրբեջանի կազմ վերադարձնելու նախաձեռնությունը, միաժամանակ չարախնդալու, իր 1997թ. «ճշմարտացիության» մեջ:

1990 թվականին էր, ընտրություններից առաջ, Հայաստանի մի խումբ ճանաչված մտավորականներ հայտարարություն-կոչով դիմել էին ՀԽՍՀ իշխանություններին ինչ-ինչ հարցեր լուծելու առաջարկով: Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց պատասխանեց «Պատվերը կատարված է, սպասենք շքանշաններին» հոդվածով:

Եվ ահա 26 տարի անց դերերը փոխվում են¸ քննադատողը վերածվում է պատվեր կատարողի:

Մի հարցում Տեր-Պետրոսյանը հավատարիմ է իր խոսքին: Մի առիթով, նա քաղաքականությունն անվանեց անբարոյականություն…

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ. թվականները և Տեր-Պետրոսյանի արտահայտությունները հուսով եմ «լևոնագետները» կճշտեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Արամ says:

    Իրականում Արցախի հարցը լուծվել է 1994թ-ին և պետք է անհապաղ վերականգնվի Արցախի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված տարածքները: Արցախի հարցը լուծել է Արցախի ժողովուրդը, և նա էլ պետք է մասնակցի ցանկացած բանակցության: Հիմա, ինչ է նշանակում Կազանյան կամ մինչև հիմա շրջանառվող փաստաթղթերը: Բացի չհիմնավորված տարածք տալուց, ուրիշ ոչինչ: Նույնիսկ այսօր գովաբանվող “տարածք կարգավիճակի դիմաց” թեզի տակ մեծ ական կա դրված: Ներկա և նախորդ իշխանությունները իրենց բոցաշունչ ելույթներում միշտ ասել են, որ Արցախի Հանրապետությունը անկախացել է ՍՍՀՄ-ի սահմանադրությամբ և օրենքներով: Սա համարում ենք ճշմարտություն և գնում առաջ: Եթե մենք տարածք ենք զիջում Ադրբեջանին, ուրեմն, ստացվում է, որ մենք ասում ենք մոտավորապես հետևյալը. ես քեզանից վերցրել եմ մեկ ամբողջություն, բայց արի կիսվենք, կեսը քեզ, կեսը ինձ, կամ մի մասը տալիս եմ մնացածը պահեմ: Հասկանալի է, որ մենք դառնում ենք զավթիչ: Եթե մինչև հիմա մտածում էին տալու մասին, ապա ինչու՞ էին Արցախի սահմանադրությունը ընդունում ամբողջության վրա, կամ ինչու՞ արհեստական մտցվեց ազատագրված տարածք հասկացությունը: Որովհետև Հայաստանում իշխանությունը ոչ մի ժամանակ չօգտագործեց իր ինստիտուտները: Ասել կուզի, երբ ԳԱԱ պատմության ինստիտուտը, տնօրենով հանդերձ, ասում է, որ հայ-թուրքական արձանագրությունները, մեղմ ասած, ստորագրել պետք չէ, ուրեմն նախագահը պետք է հեռու մնա, այլապես անհասկանալի է նման ինստիտուտներ և մասնագետներ պահելու իմաստը: Ցավոք, ակադեմիական ինստիտուտները մեր երկրում ստվերվեցին նորելուկ կենտրոններով և անհասկանալի “ինստիտուտներով”: Այն պահից, երբ իշխանությունը կսկսի օգտագործել ակադեմիական ինստիտուտների վերլուծությունները և մշակած ռազմավարությունները, շատ հարցեր, այդ թվում Արցախի հարցը կունենան իրապես դրական լուծումներ:

    • Վահագ says:

      Հարգելի Արամ, իրականում Արցախի հարցը լուծվել է 1989թ դեկտեմբերի 1-ին: Եթե անգամ համարում եք, որ այն լուծվել է 94-ին, այսինքն՝ ըստ Ձեզ՝ լուծվել է, ապա ինչ բանակցության մասին է խոսքը ԼՈՒԾՎԱԾ հարցի վերաբերյալ: Խնդրեմ, նախաձեռնեք Վարդենիսի հարցի կարգավորում, կտեսնեք թե ինչքան «կարգավորողներ» ի հայտ կգան: Բայց հո չի նշանակում, որ Վարդինիսը, որքան էլ որ այս պահին տարածքային վեճի թեմա չէ, չպետք է պաշտպանվի: Նույնն էլ Արցախը: Այդ հարցի կամ մեզ համար լուծված պրծած է, ինչքան էլ որ եսիմ ով զառանցի ու Ղարաբաղ ուզի, կամ էլ այսպես շարունակվելու դեպքում ի վերջո կկորցնենք այն: Ցավոք, մենք վճռական չենք ու ինքներս էլ չգիտենք, թե ինչ ենք ուզում: Ու եթե անգամ Ալիեւն ասի, թե Ղարաբաղը ձերն է, ոչ մի պահանջ չունենք, մենք չենք ընդունի դա ու կշարունակենք բանակցելը ինչ-որ մեկի հետ: Ինչ վերաբերվում է Ավետիք Իշխանյանի գրածին ԼՏՊ-ի մասին, ասեմ, որ նույնիսկ շատ մեղմ է գրել: ԼՏՊ-ն երբեք հայամետ քաղաքականություն չի վարել:

      • Արամ says:

        Հարգելի Վահագ, ես նշել եմ ցանկացած բանակցություն, կրկնում եմ ցանկացած: Այո մենք պետք է պաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ Արցախը, բայց Արցախի անունից բանակցելը բերեց հասցրեց այսպիսի կրիտիկական վիճակի:Քանի դեռ Արցախը չճանաչված հանրապետություն է, բանակցությունների թեմա միշտ կա, սակայն զիջելու հարց պետք է բացառվի, կարող են բանակցել ինչ-որ փոխանակումների հարցում, բայց ոչ տարածք կարգավիճակի դիմաց: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ մենք բանակցողների պակաս չունենք, բայց արդյո՞ք ունենք մշակած ռազմավարություն, թե տնտեսական և թե անվտանգության: Երկրում պետք է գործեն ակադեմիական ինստիտուտները, մշակվեն ռազմավարություններ բոլոր բնագավառներում, անխտիր բոլոր, նոր այդ դեպքում յուրաքանչյուրը կիմանա իր տեղն ու գործը: Ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ մարդիք կամ լավ ճառ են ասում, կամ լավ գործ անում: Ես պարոն Իշխանյանի գրածին ընդամենը փորձել եմ ավելացնել, որ հերիք է Արցախի հարցը մատի փաթաթան անելով երկիրը արնաքամեն: Կամ մենք կկազմակերպվենք, որպես պետություն, ինչի պոտենցիալը դեռ ունենք, կամ մեզ կկազմակերպեն, լավագույն դեպքում, որպես աղախին: Թող ոչ մեկ չկարծի, որ ինքը միակ խելոքն է, իսկ կամուֆլյաժը այսօր՝ միակ տարբերակը:
        Երբ իշխանությունը պետություն ու գրագետ հասարակություն կառուցելու և ձևավորելու խնդիր չի դնում, համախմբում (ինչը կոչ է անում առաջին նախագան), որպես այդպիսին չի կայանում: Այսպիսի բևեռացված հասարակության կարող ես համախմբել, այն էլ մեծ դժվարությամբ, միայն պատերազմի ժամանակ, բայց տեխնիկայի այսօրվա դարում այդ համախմբումն էլ անգամ չի օգնի, երբ դու ոչինչ ունես կրակելու, կամ եղածը միայն սեփական ժողովրդին ճնշելու համար է: Արդեն 27 տարի նույն խումբն է իշխանության, ճիշտ է տարբեր դերակատարներով, բայց միևնույն է, նույն ձեռագիրն է…….

        • Վահագ says:

          Արամ ջան, համ ասում եք Արցախի հարցը մատի փաթաթան անելով՝ երկիրը արնաքամ են անում, համ էլ ասում եք մենք պետք է պաշտպանենք ինչպես մեզ, այնպես էլ Արցախը: Այսինքն մենք ուրիշ ենք, Արցախն ուրի՞շ: ԼՏՊ-ն դա մտցրեց մեր մեջ ու մնացածը դա խորացրեցին: Անձամբ ես՝ ցանկանում եմ պաշտպանել ինձ, բայց ոչ ուրիշին, Արցախ չէ, ինչ էլ որ լինի անունը: Այ որ Արցախը Հայաստանից տարանջատելիս չլինեինք, հավատացեք բանակցություն կոչված զառանցանքներն էլ վաղուց ավարտված կլինեին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031