Կեսգիշերն անց՝ 1.30-ի սահմաններում նախ «Հիմնադիր խորհրդարանը» հաղորդագրություն տարածեց. «Տեղեկություն կա, որ ոստիկանությունը այս պահին ետևի կողմից պատ է քանդում, որպեսզի ներխուժի գնդի տարածք», հետո էլ «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը, որը մաս է կազմում «Սասնա ծռեր» խմբավորմանն աջակցող նախաձեռնող խմբին. «Ոստիկանությունը քանդում է ՊՊԾ պատերից մեկը: Հնարավոր է գրոհ»:
Եվ չնայած այս ահազանգերին՝ դարձյալ գրոհ չեղավ ու բարեբախտաբար՝ ոչ էլ զոհ: Մինչ այդ հաղորդագրությունները տարածելը՝ ժամը մեկի սահմաններում Խորենացի փողոցից հեռացել էին մեծ թվով ոստիկաններ:
Այս պահին էլ Խորենացի փողոցում հանդարտ իրավիճակ է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ից ի վեր, ինչ «Սասնա ծռեր» զինյալ խմբավորումը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը՝ պարբերաբար տարածվում են նման հաղորդագրություններ սպասվող հարձակման, ռուսական «Ալֆա» ջոկատի ժամանման, գազային գրոհի մասին եւ այլն՝ մարդկանց կոչ անելով գալ Խորենացի փողոց:
Անցած գիշեր «Հիմնադիր խորհրդարանի» տարածած մեկ այլ հաղորդագրությունն էր. «Հայտնում ենք, որ «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանը վերջին երեք օրերին երկու անգամ այցելել է իր ծանոթներին, որոնք ապրում են Ձոր 1 թաղամասի առանձնատներից մեկում: Այսօր դիմակավորների մի հսկայական խումբ օգտվելով, որ այդ առանձնատան դարպասը և դուռը բաց է, ներխուժել են այդ առանձնատուն, գետնին պառկեցրել տանտիրոջը, խուճապի մատնել ընտանիքի անդամներին և առանձնատան երեք հարկերում խուզարկել են առանց բացատրություն տալու և առանց համապատասխան իրավական փաստաթուղթ ներկայացնելու:
Միայն առանձնատունը ստուգելուց հետո, նրանք հարցրել են տանտերերից, թե որտեղ է գտնվում Գարեգին Չուգասզյանը: Տանտերերը զարմացել են այդ հարցից, քանի որ նրանք իրականում չեն ճանաչում Չուգասզյանին, և նրան գիտեն ընդամենը սոցիալական ցանցից որպես գիտնական և քաղաքական գործիչ: Դիմակավոր մարդկանց խումբը լքել է առանձնատունը:
Այս ամենից հետևում է, որ Սյուզան Սիմոնյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում ծառայությունների կողմից: Նաև՝ ապօրինի է եղել նրա ծանոթների առանձնատուն ներխուժելը, քանի որ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացվել: Սյուզան Սիմոնյանը գտնվում է հսկողության տակ, որի նպատակն է պարզել նրա հանդիպումների վայրը Գարեգին Չուգասզյանի հետ:
Սա դասական պետական ահաբեկչության օրինակ է Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների և նրանց շրջապատի նկատմամբ, նրանց իրավունքների ոտնահարում, որը ևս մեկ անգամ ապացուցում է վարչախմբի հանցագործ ոստիկանապետական էությունը և որից ազատվելու բացառիկ առիթ է ներկայացել մեր ժողովրդին այսօր»: