«Ազատությունը» հրապարակել է ամբողջական տեսանյութը, թե ինչպես է ոստիկանը հուլիսի 18-ին հարվածել լրագրող Արտակ Համբարձումյանին:
Հիշեցնենք, որ այդ օրը Խորենացի փողոցում ոստիկանները բերման էին ենթարկում քաղաքացիներին՝ առանց որևէ հիմնավորման:
Ըստ տեսանյութի՝ ոստիկանը բռնում է «Ազատության» բարձրախոսից՝ հետ հրելով այն, Արտակ Համբարձումյանը փորձում է այն ազատել: Ոստիկանն ասում է՝ «Չբռնե´ս ձեռքս» ու կտրուկ հարվածում լրագրողի փորին: «Չխփես, այ տղա» ռեպլիկին էլ արձագանքում. «Այ տղան ոտից գլուխ դու ես»: Այլ ոստիկաններ հեռացնում են նրան:
Գործողությունները ղեկավարող ոստիկանը հերքում է, թե լրագրողին հարվածել են:
Կարդացեք նաև
Արտակ Համբարձումյանը պատմել է Media.am-ին. «Միջադեպի մասին տեսանյութը հրապարակելուց հետո ոստիկանության պաշտոնյաներից մեկը զանգահարեց ինձ ու ասաց՝ գիտեք, իրենք հրամանատար են կորցրել, լարված են, նեղված: Դա պաշտոնական պատասխան չէր, զանգել էին ու պարզապես «ընկերական» փորձում էին համոզել: Փորձում էին բացատրել, որ իրավիճակը կարելի է հասկանալ: Բայց, իհարկե, ես նման բացատրություններն անհիմն եմ համարում»: