Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա Ծռերի» գործողությունն ահաբեկչություն չէ, քանի որ այն ուղղված է եղել պաշտոնատար անձանց դեմ,  ոչ թե՝ քաղաքացիական

Հուլիս 24,2016 17:54

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց, որ այս պահի դրությամբ «Սասնա Ծռեր» խմբի նկատմամբ Քրեական օրենսգրքի 217 հոդվածը՝ Ահաբեկչությունը,  կիրառելի չէ, քանի որ երկու տարի առաջ այս հոդվածում փոփոխություններ են կատարել եւ նեղացրել են դիսպոզիցիան։

Ըստ NEWS.am-ի տեղեկությունների «Սասնա ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության պարեկա-պահակային գնդի գրավման դեպքով ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել երկու հոդվածով՝  Քրեական օրենսգրքի 219-րդ (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այս առնչությամբ էլ պարոն Ղազարյանն ասաց, որ սրանք ոչ թե մարդու դեմ ուղղված հանցագործություններ են, այլ՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված։

Նկատենք, որ նշված հոդվածները օրենսգրքի  23-րդ գլխի տակ են՝ «Հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»։

«Եթե նախկին խմբագրությամբ լիներ, ապա ահաբեկչությունը կիրառելի կլիներ։ Նեղացրել են փոփոխություններով, որ գործողությունները միայն քաղաքացիական անձի դեմ պետք է եղած լինի, որպեսզի ահաբեկչություն որակվի, դրա համար չի կիրառվում»,-ասաց պարոն Ղազարյանը։

Նրա խոսքերով՝ խմբի կողմից պատանդ պահելը, զինված հարձակումը եւս ահաբեկչություն չէ՝ ըստ մեր  օրենքի։ Նրանց գործողություններն ուղղված են եղել ոչ թե քաղաքացիական անձանց դեմ, այլ՝ պաշտոնատար․«Բայց 2 օր առաջ քաղաքացիներ են ձերբակալել, որոնք դրսում պիտի պայթեցում անեին, նրանց գործողությունները պետք է ուղղված լինեին արդեն բնակչության դեմ, նրանց մոտ ինչ֊որ պայթուցիկներ էին հայտնաբերել։ Եթե հիմա այսպես շարունակվի, որ իրենց գործողությունները ներսից են հրահանգվում, կարգավորվում, սա արդեն կընկնի 217 հոդվածի տակ։ Իհարկե, հիմա վաղ է այդ մասին խոսել, կա անմեղության կանխավարկած, եւ քննության ընթացքում էլ շատ բաներ են բացահայտվելու, փոփոխվելու։ Դեռ չգիտենք՝ ինչով կավարտվի այս ամենը, ու դեռ պետք է քննություն տարվի։ Մարդ է մահացել, վիրավորներ կան։ Այնուամենայնիվ, դրանք ծանր հանցագործություններ են, որոնք ուղղված են հասարակական անվտանգության դեմ»։

Պարոն Ղազարյանի դիտարկմամբ՝ մեր օրենսդրությամբ, «Սասնա Ծռերի» գործողություններն այսօրվա փաստերի առկայության դեպքում ահաբեկչություն չէ։ Սակայն, ըստ մասնագետի, միջազգային իրավունքը զարգանում է այն ուղղությամբ, որ անկախ նրանից՝ քաղաքական անձի, թե պաշտոնատար անձի դեմ է գործողությունը, գլխավորն այն է, թե որն է նրա նպատակը, մտադրությունը ․«Ինչ մտադրությունով է արվել։ Այսինքն, դու կարող ես հարձակվել ոստիկանական գնդի վրա, զենք գողանալու նպատակով։ Բայց կարող ես հարձակվել գնդի վրա, ահաբեկել պետական մարմիններին եւ ստիպել նրանց կատարել որոշակի գործողություն։ Միջազգային իրավունքում դեռ չի ձեւավորվել, բայց այդ ուղղությամբ են գնում քննարկումները, որ դեպքում ահաբեկչություն անվանվի։ Շատ պետությունների կողմից չի ընդունվում, որովհետեւ մեկի համար ահաբեկիչ է, մյուսի համար ազատության մարտիկ»։

Մեր այն հարցին՝  217 հոդվածում այդ փոփոխություններն ինչպե՞ս կգնահատեք, լա՞վ է, թե՝ ոչ, Արա Ղազարյանն ասաց, որ հոդվածի նախկին տարբերակն իր որոշ տարրերով, այնքան էլ հաջող չէր, բայց հիմա այն մասով, որ ահաբեկչություն դիտարկվում է այն դեպքում, երբ միայն քաղաքացիական անձանց նկատմամբ է գործողությունը, վատ է․«Օրինակ, հոկտեմբերի 27֊ը, այդ գործողություններն  ուղղված էին Ազգային ժողովի պատգամավորների դեմ, բայց քանի զոհ ունեցանք, հիմա սա ահաբեկչություն չկոչենք, ի՞նչ կոչեն։  Կարեւորը նպատակն էր՝ ստիպել էր  պետական մարմիններին ինչ֊որ գործողություն կատարել։

21-րդ դարում ենք, ամեն շաբաթ ամբողջ աշխարհում ահաբեկություններ են լինում ու գնալով դրանց մեթոդներն ու եղանակները զարգանում են, եւ եթե նեղ պահենք ահաբեկչության դիսպոզիցիան, դրանով ավելի ու ավելի է վտանգվում ազգաբնակչության անվտանգությունը։ Այստեղ մի հարց էլ կա․ նոր Սահմանադրության մեջ նշվում է՝ հանրային իշխանություն, այսինքն` պետական բառը փոխել են հանրայինով՝ հանրային իշխանություն։ Հիմա, եթե ոտնձգություն է կատարվում հանրային ծառայություն իրականացնող պետական մարմնի վրա, իսկ այդ պետական մարմինը հանրային անվտանգությունը պետք է ապահովի, ապա սա ոտնձգություն է հանրային անվտանգության վրա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. Ներկայացնենք նաեւ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով գործ է հարուցվել:

Հոդված 235.

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
(235-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն)

Հոդված 219. Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը

1. Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armo says:

    Արա ջան մի հատ Սերժի հոդվածներն էլ կասես խնդրում եմ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031