«Հայ կանանց ճակատի» անդամ Սյուզան Սիմոնյանը երեկ Խորենացի փողոցում հանրահավաքի ժամանակ տեղեկացել է, որ օրեր առաջ Սարի թաղից առեւանգված վեց տղաները տարվել են Թոխմախ ու հենց ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») աչքի առջև ծեծի ենթարկվել: Այս մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում:
«Եթե դուք լրատվամիջոց եք ու այսքան ժամանակ անցել է ու չեք լսել ինչ-որ բան, ապա ինչ-որ մեկի հայտարարությունը վերջնական ճշմարտություն պետք չէ ընդունել, մանավանդ, որ հայտարարության մեջ չկան փաստեր»,- Սյուզան Սիմոնյանի հայտնած տեղեկության մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանը» «Սասնա ծռեր» խմբավորման անունից հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ներսում անջատել են էլեկտրականությունը, սնունդ չկա և այս ընթացքում հարձակման փորձեր են եղել:
Հարձակման մասին տեղեկությունը Աշոտ Ահարոնյանը կրկին հերքեց, իսկ էլեկտրականության լինել-չլինելու մասին էլ ասաց՝ տեղեկություն չունի, էլեկտրացանցերից է պետք ճշտել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հ. Գ. «Հիմնադիր խորհրդարանը» մեկ այլ հաղորդագրություն է տարածել. «Այս պահին ԱԱԾ-ի աշխատակիցները գնացել են «Սասնա Ծուռ» Աշոտ Պետրոսյանի աղջկա՝ Տաթևիկ Պետրոսյանի բնակարան, իրենց ասելով ծանուցմամբ բերման ենթարկելու»: Տեղեկությունը չի հաջողվել ճշտել ԱԱԾ-ից՝ մամուլի ծառայությունը չի պատասխանում հեռախոսազանգերին: