Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս փակուղուց կա ելք, ապա դա միակն է և հետևյալն է, կամ կոչ ժողովրդին, իշխանություններին և զինված խմբին

Հուլիս 24,2016 15:34

Արդեն 8-րդ օրն է, ինչ Հայաստանի գլխին քաղաքացիական պատերազմի ռեալ ամպեր են կախված և խնդրի լուծման որևէ կոնկրետ առաջարկ չի արվում: Քաղաքական ուժերը, մտավորականները չափազանց պասսիվ են, քանզի նախ ունակ չեն որևէ լուծում առաջարկել և երկրորդ, նման պայթյունավտանգ իրավիճակներում խորհուրդներ տալու համար պետք էր այսքան տարիների ընթացքում ժողովրդի մատից գոնե մեկ փուշ հանած լինեին, որպեսզի նաև դրա իրավունքը վաստակած լինեին:

Գոնե վերջին 20 տարիների ընթացքում, նշված երկու խավերը, և ոչ միայն նրանք, բացի իրենց անձնական հսկայածավալ կապիտալը դիզելուց, ժողովրդի ներկայացուցիչներից գեթ մեկի համար որևէ խնդիր չեն լուծել: Ավելին, նրանց երբևէ չի հետաքրքրել ժողովրդի վիճակը, չնայած մշտապես շահարկելով ժողովրդի անունը, կանգ չառնելով միջոցների առջև, ժողովրդի վրայով հասել են իրենց բաղձալի նպատակներին:

Միամիտ չենք կարծելու, որ երբևէ, որևէ ժամանակ, որևէ տնտեսական կացութաձևի (նույնիսկ սոցիալիզմի) պայմաններում, եղել է իդեալական հավասարություն: Սակայն այն, ինչ Հայաստանում է կատարվում վերջին 15-20 տարիների ընթացքում, դուրս է մարդկային տրամաբանության բոլոր սահմաններից: Հայաստանի ժողովուրդը գործազուրկ է, երկրի տնտեսությունը մահացած, իրավական դաշտը չի գործում, արդարության մասին խոսք լինել չի կարող, կառավարման համակարգեր չկան և չեն գործում, դրանք Հայաստանում փոխարինված են անձերով, աշխատում է միայն քրեա-կլանա-օլիգարխիկ համակարգը, արտագաղթը հասել է գերվտանգավոր չափերի:

Այլ խոսքով, Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի գործում: Հայաստանը նման է մի իրի, որին դրել են անվարորդ գնացքի վրա, որն աստիճանաբար մեծ արագություն է վերցնում և հայտնի չէ, թե ուր է գնում… (սակայն հայտնի է, որ դեպի անդունդ է գնում): Ինչ ասել, երբ երկրի ողջ հարստությունը գտնվում է մի քանի հարյուր հոգու ձեռքում, իսկ ժողովուրդը հացի, դեղի փող չունի, ղարաբաղյան պատերազմը թևակոխում է շատ վտանգավոր փուլ, ժողովրդի հավատը իսպառ զրոյացել է և այս բոլորը բավական չէր, Հայաստանի գլխին էլ ռեալ կախված է քաղաքացիական պատերազմի վտանգը:

Տպավորություն ունեմ, որ շատ-շատերը, այդ թվում նաև իշխանությունները լավ չեն պատկերացնում (լուրջ չեն վերաբերվում) Հայաստանին սպառնացող առկա կործանարար վտանգը, քանզի ամեն անցնող վայրկյանը երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում է այդ սպառնալիքի ուժգնությունը: Չեմ վարանում մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ վերջին 25 տարիների ընթացքում, սա Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգն է, քանզի պատերազմող կողմերը նույն ազգի արյունն են կրում, իսկ նման դեպքում բախման ուժգնությունը լինելու է առավելագույնը, քանզի երկու կողմն էլ տրամադրված են մարտականորեն (որը այնքան էլ չի երևում Ադրբեջանի դեմ պատերազմում, բացառությամբ մեր առյուծ զինվորների քաջագործությունների): Ցավոք, ժամանակը թույլ չի տալիս ավելին ասել…

Հնարավոր լուծումը միակն է. պետք է անհապաղ հանդիպեն Սերժ Սարգսյանը և Ժիրայր Սեֆիլյանը (միայն երկուսով, որևէ չեզոք գոտում, որի վայրի գտնվելու մասին անպայման տեղյակ լինի նաև ժողովուրդը) և փորձեն՝ հանուն հայ ժողովրդի, ոսկերչական ճշտությամբ լուծում տալ այս ճակատագրական ողբերգություններով լինի խնդրին: Եթե հնարավոր է նորմալ արդյունք, ապա դա կստացի միմիայն այս դեպքում, հակառակ պարագայում…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Քաղաքացիական պատերազմ տեղի է ունենում քաղաքացի ունեցող երկրում: Այս հարցում ես հանգիստ եմ, որովհետև մեր քաղաքացիները վաղու՜ց Հայաստանում չեն: Ինչքան էլ դուք երազեք՝ այդ պատերազմը չի լինի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031