Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության Աշտարակի բաժնում ձերբակալված քաղաքացուն 32 ժամ աթոռին գամված ու սոված են պահել. փաստաբան

Հուլիս 24,2016 14:44

Հուլիսի 21-ին Խորենացի փողոցից ձերբակալված քաղաքացիների ազատ արձակման վերջնաժամկետն այսօր է: Փաստաբան Հայարփի Սարգսյանը տեղեկություններ չունի, քանիսն են դեռ շարունակում մնալ ձերբակալված:

Նա երեկ  այցելել է Հրազդանի ՁՊՎ (ձերբակալված անձանց պահման վայր), որտեղ պահվում էին հուլիսի 21-ին ձերբակալված նրա երկու վստահորդները՝ Ա. Շառոյանն ու Նարեկ Չիլինգարյանը: Նրանցից առգրավված իրերը՝ անձնագիրը, պայուսակ, թերմոս եւ այլ իրեր դեռ չեն վերադարձվել: Ըստ փաստաբանի, իր երկու վստահորդները կասկածվում էին ոստիկանների վրա քարեր նետելու մեջ, նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական գործ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով:

Փաստաբանն արդեն բողոքներ է ներկայացրել ազատ արձակված վստահորդների իրավունքները խախտելու դեպքերով:

«Նրանց ժամեր անց էին ձերբակալել: Այսինքն, երեք ժամվա ընթացքում կամ պետք է ազատ արձակվեին կամ ձերբակալվեին, ինչը չի արվել:  Շենգավիթ վարչական շրջանի դատարան բողոք էր ներկայացվել Նարեկ Չիլինգարյանի դեպքով, դատարանը որոշեց, որ խախտում է արձանագրվել, նա բերման է ենթարկվել հուլիսի 21-ի լուսադեմին՝ 4:50, նույն օրը հարցաքննվել է, նրան թույլ չեն տվել շենքից դուրս գալ, հարցաքննությունից հետո երկար ժամանակ պահվել ու հետո նոր ձերբակալվել է: Այս հարցով նույնիսկ փոխհատուցում ստանալու պահանջով քաղաքացիական դատարան ենք դիմելու»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը վերջին հայտնի դեպքերով ձերբակալված մի շարք քաղաքացիների շահեր է պաշտպանել ու դժգոհեց, որ շատ դեպքերում խոչընդոտվել է իր փաստաբանական գործունեությունը. «Շառոյանի շահերը պաշտպանելիս սկզբում ներս չէին թողնում ինձ, ասում էին պահանջագիր պետք է ներկայացվի, բայց ես վստահորդիս  պաշտպանն եմ, ինչ պահանջագիր, անարգել պետք է ներս մտնեի, հետո շտկվեց հարցը, տեսակցեցի: Ի դեպ պահման վայրի պայմանները վատ էին, խոնավ էր,  ձերբակալվածները դժգոհում էին պայմաններից: Իմ վստահորդները ոստիկանական բաժանմունքում բռնությունների էին ենթարկվել, ինչպես նաեւ բերման ենթարկվելիս, ապտակներ են ստացել, որոշ դեպքերում ուժեղ ծեծի են ենթարկվել բերման ենթարկողների կողմից»:

Հայարփի Սարգսյանի խոսքով` ոստիկանության Արագածոտնի մարզի վարչության Աշտարակի բաժինն աննախադեպ էր իր վատ պայմաններով. «Երկու օր շարունակ երեսուներկու ժամ իմ վստահորդը՝ Միքայել Նազարյանն այնտեղ էր  գտնվել առանց սննդի, աթոռին նստած վիճակում, առանց փաստաբան ունենալու իրավունքի, քսանվեց ժամ շարունակ էլ խոչընդոտվել է փաստաբանական իմ գործունեությունը:

Այն ժամանակահատվածում, երբ իմ վստահորդը ոստիկանական բաժանմունքում խոշտանգվում էր, այսինքն, նկատի ունեմ, թե հոգեբանական էր ճնշվում, թե սնունդ չէր տրամադրվում, երեք անգամ ահազանգել եմ ՄԻՊ ու տարբեր կառույցների, բայց որեւէ մեկը չի այցելել ու չի արձագանքել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031