«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը:
– «Սասնա ծռերի» երեկվա ասուլիսը բավական հակասական տպավորություններ թողեց. քաղաքական դիտարկումներին, որ երեք նախագահներն էլ պետք է հեռանան եւ այլն, զուգահեռվեցին բռնությունների կոչերը` դուրս եկեք փողոց, ջարդեք վառեք եւ այլն: Տպավորություն է, որ ոչ ծրագիր կա, ոչ էլ ներքին համաձայնություն: Դուք ի՞նչ տպավորություններ ստացաք:
-Ես ամբողջ ասուլիսին չեմ հետևել և գուցե ինչ-որ բան բաց եմ թողել՝ ջարդել-վառելու վերաբերյալ Ձեր ասածն ինձ համար նորություն է: Լրագրողների հետ «Սասնա ծռեր» խմբի անդամների ունեցած շփումների ընթացքում խոսքի և մտքի կնճիռները, թերևս, ներխմբային իրավահավասարության դրսևորում են՝ նրանք ակնհայտորեն եղբայրաբար են միմյանց վերաբերվում, հավասարապես նվիրված են այն նպատակին, հանուն որի անցյալ կիրակի օրը գրավել են ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը, սակայն, հավասարապես հմուտ չեն բանավոր խոսքի միջոցով իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտելու տեսանկյունից: Թերևս, ճիշտ կանեին, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփումների համար լիազորեին մեկ կամ երկու հոգու, ովքեր տիրապետում են քաղաքական փաստարկների լեզվին: Նրանց մեջ այդպիսիք կան:
Առնվազն մեկ հարց կա, որի շուրջ, իմ տպավորությամբ, «Սասնա ծռերի» անդամների միջև ներքին համաձայնությունն անվերապահորեն առկա է՝ նրանք բոլորն էլ պատրաստ են ենթարկվել Ժիրայր Սեֆիլյանի ցանկացած հրամանի: Ինչ վերաբերում է ծրագրին, ապա կարծում եմ, որ այն ևս գոյություն ունի ու չէի բացառի, որ դրա ոչ բոլոր մանրամասներն են բարձրաձայնվել կամ իրականացվել գործնականում:
Կարդացեք նաև
-Տղաները միջնորդական առաքելությունից դուրս թողեցին Վիտալի Բալասանյանին, անգամ պիտակավորեցին նրան: Դա արդարացվա՞ծ է:
-Ինքնին այս կարգի բանակցային գործընթացը շատ նուրբ ու խիստ զգայուն մի բան է և ցանկացած շեղում, խոսքի սայթաքում կամ, անգամ, ավելորդ զգացմունքայնություն կարող է անվստահություն ծնել, որը կհանգեցնի կոնֆլիկտի և փոխադարձ վստահության կորուստի: Ես կարծում եմ, որ գեներալ Բալասանյանի գործադրած ջանքերն ամեն դեպքում պետք է բարձր գնահատել, քանի որ դրանք, անկասկած, նպաստեցին նրան, որ ՊՊԾ գնդի տարածքում մնացած ոստիկաններն ազատ արձակվեցին, իսկ «Սասնա ծռերին»՝ նման իրավիճակների համար աննախադեպ հնարավորություն տրվեց շփվելու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և ուղիղ եթերում ներկայացնելու սեփական մոտեցումները: Մտերմաբար կուզեի խորհուրդ տալ հաջորդ միջնորդին՝ նա, հատկապես լրագրողների հետ շփումների ժամանակ, պետք է մնա կողմերի վստահությունը վայելող չեզոք անձի դիրքում, որի խնդիրն է ապահովել բանակցող կողմերի շփման ֆիզիկական, տեխնիկական հնարավորությունը և որը չպետք է հանդես գա բանակցողների տեսակետները հանրությանը հաղորդելով կամ դրանց մեկնաբանությամբ:
– «Սասնա ծռերի» կողմից հարթակից կրկին հեռացվեց Նիկոլ Փաշինյանը, որն ամսի 21-ին իրապես կանխեց ոստիկանների եւ ցուցարարների բախումը, պիտակավորվում են բոլոր գործիչները, ովքեր հայտնվում են այդ տարածքում: Այդ դեպքով ո՞վ եւ ինչպե՞ս պետք է տանի այս գործընթացը, Խորենացիում հավաքված հանրությունն ո՞ւմ լսի ու հավատա:
-Այս ամբողջ գործընթացը նոր է մտնում իրական հանրային ինքնակազմակերպման փուլ և հընթացս կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել ինչպես հանրահավաքները վարող անձանց կազմն, այնպես էլ ելույթների բովանդակությունն ու ուղղվածությունը: Որքան հասկացա, պարոն Փաշինյանին որևէ մեկը չի արգելել ելույթ ունենալ կամ, առավել ևս, ներկա գտնվել հանրահավաքներին, իսկ առաջացած խնդիրն էլ կապված է եղել նրա կողմից հանրային խոսքի ամբիոնը մենաշնորհելը կանխելու՝ իրական կամ մտացածին մտավախության հետ: Ամեն դեպքում որևէ ողբերգական բան ես այստեղ չեմ տեսնում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ