Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Աղայան. Չեմ կարծում, թե ոստիկանները հետ քաշվեցին Նիկոլի հրամանով

Հուլիս 24,2016 12:58

«Ինձ, իհարկե, հայտնի չեն «Սասնա ծռերի» ծրագրի մանրամասները։ Ավելին, այդ ծրագիրն ընթացքում, հանգամանքների ազդեցության ներքո, կարող է որոշ փոփոխության ենթարկվել։ Բայց կարծում եմ իրենց նախնական հայտարարություններից առանձնապես չեն շեղվել։ Ի սկզբանե կոչ է արվել ժողովրդին դուրս գալ փողոց ու ընդարձակել սկսված ապստամբությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ, ժամանակին Ժիրայր Սեֆիլյանի զինակից եւ դաշնակից Արմեն Աղայանը` հակադարձելով դիտարկմանը, որ «Սասնա ծռերի» երեկվա ասուլիսը բավական հակասական տպավորություններ թողեց. հնչեցին ե՛ւ քաղաքական  դիտարկումներ ե՛ւ բռնությունների կոչեր ու առհասարակ, տպավորություն ստեղծվեց, որ խմբի անդամները համակարգված չեն աշխատում:

Սկսած ապստամբությունն ընդարձակելու իմաստով, մեր զրուցակցի կարծիքով,  «Սասնա ծռերին» դժվար թե բավարարի Խորենացու փողոցի համեմատաբար փոքրաթիվ բազմությունը, քանի որ այն ոչ թե ապստամբությունն է ընդարձակում, այլ ընդամենը սահմանափակում է ուժային հանգուցալուծման հնարավորությունը և սատարում է ապստամբների՝ Սերժ Սարգսյանի հեռացման, քաղբանտարկյալների ազատման, տարածքները չհանձնելու և այլ պահանջներին. «Սասնա ծռերի» մարտիկները շարունակում են հավատալ իրենց սկսած ապստամբության ընդարձակման հնարավորությանը և հույս ունեն, որ այն դեռ կծավալվի և այդպիսով կհաղթի։ Սարգսյան Սերժի հեռացման պահանջը մնում է հիմնականը։ Ու նրա հետ բանակցելն էլ իմաստ ունի միայն հրաժարականի պայմանների կամ իշխանության աստիճանական հանձնման շուրջ։

Ստեղծված պատային իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը պատրաստ չէ հանձնվել, բայց ուժային արյունոտ հանգուցալուծման համարձակություն էլ չունի, այս պայմաններում Ժիրայրը նրան առաջարկում է ուղղակի բանակցություն, որը, բնական է, բանտարկված անձը չի կարող սկսել կապիտուլյացիայի պահանջից։ Նախկին նախագահների հեռանալու մասին արտահայտությունների վերաբերյալ ասեմ, որ դրանք ավելի շուտ ոչ թե պահանջ են, այլ արձագանք՝ հատկապես Տեր֊Պետրոսյանի, ինչպես նաև իր և Քոչարյանի կողմնակիցների վերջին արտահայտություններին»։

Վիտալի Բալասանյանին միջնորդական առաքելությունից դուրս թողնելու մասով էլ, մեր զրուցակիցն արձանագրում է. «Իրենք են որոշում ում վստահել, ում՝ ոչ։ Կարծում եմ Բալասանյանը որոշ արտահայտություններ թույլ տվեց, որոնք ընդունելի չէին կարող լինել «Սասնա ծռերի» անդամների համար՝ հատկապես Ժիրայր Սեֆիլյանի անունից ասվածները»։

Անդրադառնալով արդեն Խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին, հանրությանն առաջնորդելու խնդիրներին, տարբեր քաղաքական գործիչների դերակատարումներին, ամսի 21-ին` Նիկոլ Փաշինյանի կողմից կանխված բախմանը` մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ, գործընթացը առաջնորդելու բարոյական իրավունք ունեն միայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամները։ Միայն նրանց լիովին կարող են վստահել «Սասնա ծռերի» անդամները։

Եվ հատկապես անթույլատրելի է, երբ հավաքները վերածվում են նախընտրական ինքնագովազդի հարթակի։ Հիշենք, որ ապստամբներն այս քայլին դիմել են չհավատալով ընտրություններին՝ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» դառնալու ձգտումը համարելով վարչախմբի ջրաղացին ջուր լցնել։ Բնական է, որ նրանց անձնազոհության ֆոնին հակառակն անելը պետք է զայրույթ առաջացներ։ Առավել ևս, որ Փաշինյանը պնդում է, թե ինքն է երկրի միակ ընդդիմությունը։ Իմ համոզմամբ, օրինակ, տարածքների հարցում նա միշտ եղել է ու այսօր էլ մնում է Տեր֊-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի, այլ ոչ թե Հիմնադիր խորհրդարանի կամ «Սասնա ծռերի» դաշնակիցը։ Բախումների կանխման մասին կարող եմ ասել, որ դրան նպաստել են շատերն ու, առաջին հերթին, ոստիկանությունը, որը հետ քաշեց բոլորին գրգռող իր սաղավարտավոր զորքը։ Չեմ կարծում, թե դա տեղի ունեցավ Նիկոլի հրամանով»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Եթե ես իշխանություն ունենայի՝ առաջին հերթին Հայաստանում կարգելեի բոլոր կուսակցությոնները գոնե մի տաս տարի: Մոտ հարյուր կուսակցություն կա Հայաստանում, ամեն մեկը գոնե հարյուր անդամ պիտի որ ունենա: Բա ինչու՞ Խորենացու փողոցում չեն: 10 000 մարդն էլ արդեն լուրջ ուժ է: Զինված խումբը իրեն անվանեց «Սասնա ծռեր», մենք էլ հավատացինք նրանց գերազնիվ նպատակներին, առավել նրանց պլաններին: Եթե մեքենա վառելն է գերագույն «ծռություն»ը եկեք մենք էլ ծռվենք վառենք մեր եղած-չեղածը կանգնենք մի կողմ: Դեռ ոչ մի բան չկա, բայց կուսակցությունները մտահոգված են նրանով, որ մեկն ու մեկը հանկարծ իրենցից շատ չերևա Խորենացու փողոցում, և ավելի շատ մտահոգված է Ոստիկանության շենքը գրաված խումբը: Ընդդիմություն լինելը կուսակցությունների համար դարձել է ինչ-որ բարձրագույն վիճակ, կուսակցությունները իրար մեղադրում են ոչընդդիմաթյան մեջ: Բոլորի ելույթներից մի բան է միայն լսվում. -Իսկական ընդդիմությունը մենք ենք, մնացածներդ կեղծ եք, մնացածներդ սուտ եք, և ընդհանրապես, «Օթելլո’, դու այստեղ չես»:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031